Արձանագրվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ․ Շրջակա միջավայրի նախարարություն

Դիտարկվում է կապտականաչ ջրիմուռների ակտիվություն ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում․ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

«Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։
Դրան զուգահեռ, սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։
Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար»։

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։
«Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ
ընտրվել են 3-ը․
➡️Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում,
➡️Ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիան
➡️Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները»։

Հունիսի սկզբին ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ երբ արձանագրվում է կապտականաչ ջրիմուռների աճ՝ մտնում ենք էֆտրոֆիկացման, այսինքն՝ լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է, քանի որ կա անվերադարձի նիշ։ «Եթե մենք չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, մենք փաստացի կարող ենք լիճ կորցնել»,- նշել էր Ղափլանյանը։