Իսրայելը պետք է վերաիմաստավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ. կարծիք Jerusalem Post-ում

Ալեքս Գալիցկի (Аlex Galitsky)

Հոդվածը տպագրվել է The Jerusalem Post թերթում

Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերություններն Իսրայելի հետ երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է։ Ադրբեջանը հաճախ է ի ցույց դրել իր ոչ մեծ, բայց եռանդուն հրեական համայնքի գոյությունը՝ որպես բազմազանության և հանդուրժողականության իր նվիրվածության վկայություն։

Սակայն Ադրբեջանը, նավթադոլարների վրա հիմնված և նույն ընտանիքի կողմից արդեն ավելի քան կես դար կառավարվող բռնապետությունը, ինչ ասես է՛, միայն դա չէ։

Ադրբեջանը, Թուրքիայի մերձավոր դաշնակիցը և Հայոց ցեղասպանությունը ժխտողի համախոհը, ակտիվորեն ձգտում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին և նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերը:

Խորհրդային օկուպացիայի ողջ ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր Արցախի (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ) և Նախիջևանի հայերի մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները, իսկ 80-ականների վերջին 90-ականների սկզբին ադրբեջանական իշխանությունները սկսեցին աջակցել հայերի «պոգրոմներին» և զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության կոչերը: Այդ ջարդերն ուղղված էին նաև հրեական համայնքների դեմ, որոնք սկսել էին զանգվածաբար լքել Բաքուն՝ ի պատասխան հալածանքների հաճախակի դեպքերի։

Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա վերջին հաշվով հանգեց լայնածավալ պատերազմի, որն ավարտվեց կրակի դադարեցմամբ, ինչը փաստացի ապահովել է անկախ և ժողովրդավարական Արցախի ստեղծումը։

Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հանդես է եկել հռետորաբանությամբ՝ քարոզելով հայերի էթնիկ զտումներ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում ՝ հայերին կանոնավոր կերպով անվանելով պետության թշնամիներ և ժխտելով տարածաշրջանում հազարամյա հայկական քաղաքակրթությունը։

2000-ականների սկզբին Նախիջևանում շուրջ 28 000 հայկական մշակութային հուշարձան ոչնչացվեց Ադրբեջանի կողմից․ աննախադեպ մշակութային ցեղասպանություն։ Անկախ զեկույցները ցույց են տվել, որ հայատյացությունը կամ հակահայ տրամադրություններն այնքան են արմատավորվել կառավարությունում, զանգվածային լրատվության միջոցներում և պետական հաստատություններում, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով միայն հայերի հասցեին ատելություն սերմանող արտահայտություններ։

Այդ ատելության տարածումն ու սերմանումը առաջացրել է հայերի նկատմամբ բռնության ցնցող միջադեպերի, այդ  թվում ՝ Ռամիլ Սաֆարովի կողմից՝ ադրբեջանցի զինվորականի, որը սպանեց քնած հայ զինվորականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ:

Սաֆարովը հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատավճռից վեց տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին, սակայն ժամանելուն պես նրան ներում շնորհվեց, կոչումը բարձրացվեց, և զանգվածային լրատվամիջոցները նրան հռչակեցին որպես ազգային հերոս «հայ սպանելու ադրբեջանցու հայրենանվեր պարտքը կատարելու համար»:

Այս շաբաթ Ադրբեջանը մեծ ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ ՝ ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ վանկարկելով «մահ Հայաստանին» և կոչ անելով պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Ադրբեջանի կառավարության կողմից հայատյացության տասնամյա քարոզչության արդյունք դարձած այս տեսարանները լավագույնս հիշեցնում են հարևան Իրանում տեղ գտած դաժան հակասեմիտիզմը։

Հայերի նկատմամբ պետության կողմից հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը պետք է դառնա մտահոգության անմիջական պատճառ ցանկացած ազգի համար, որը ոչ միայն վերապրել է ցեղասպանությունը, այլև շարունակում է պայքարել ռասիստական և խտրական հռետորաբանության տարածման դեմ նրանց կողմից, ովքեր ժխտում են հայերի գոյության հիմնարար իրավունքը: Բայց բացի Ադրբեջանի կողմից փոքրամասնությունների իրավունքների աղաղակող անտեսումից, այդ երկիրը երկար ժամանակ գործել է նաև Իսրայելի ռազմավարական շահերի դեմ։

Պարզվել է, որ Ադրբեջանը «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի շրջանակում զգալի գումարներ է ուղարկել պատժամիջոցների տակ գտնվող իրանական ձեռնարկությունների:

Նույն կերպ, Ադրբեջանի գլխավոր նավթամուղը 10 տոկոսով պատկանում է Իրանին, ինչը թույլ է տալիս երկրին շրջանցել միջազգային պատժամիջոցները և շահույթ ստանալ Ադրբեջանի նավթային արդյունաբերությունից:

Բացի այդ, չնայած զենքի պայմանագրերի, նավթի մատակարարումների և Իրանի մոնիթորինգի վերաբերյալ Իսրայելին ուղղված իր առաջարկներին՝ Ադրբեջանը տեղի է տալիս տարածաշրջանային ճնշմանը, երբ խոսքը վերաբերում է Իսրայելին քաղաքական աջակցություն ցուցաբերելուն, հատկապես ՄԱԿ-ի հարթակում:

Ադրբեջանը նաև հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում՝ տարածաշրջանային ճնշման պատճառով։ Մյուս կողմից, Հայաստանը հետևողականորեն զգալի քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, ներառյալ Թել Ավիվում դեսպանություն ստեղծելու հանձնառությունը։

Հաշվի առնելով, որ Հայաստանը մասամբ կախված է եղել Իրանից այն պատճառով, որ նրա սահմանների 80 տոկոսը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի ապօրինի շրջափակման տակ, ակնհայտ է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի ենթարկվի տարածաշրջանային չար դերակատարների ճնշմանը, երբ խոսքը վերաբերում է Իսրայելի հետ հարաբերությունների կառուցմանը:

Հայաստանը, ինչպես և Իսրայելը, որ երկար ժամանակ պայքարել է իր կործանումը փափագող թշնամական պետությունների միջավայրում գոյություն ունենալու սեփական իրավունքի համար, կենսունակ ժողովրդավարություն է ստեղծել բռնապետությունների ծովում։

Երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունը հազարամյակների խորք ունի, և Երուսաղեմը հայկական սփյուռքի առաջին տունն է։ Լինելով Երուսաղեմի մշակութային միջավայրի անբաժանելի մասը՝ հայերը զբաղեցնում են հին քաղաքի իրենց թաղամասը, որը առանձնացված է քրիստոնեական թաղամասից։ Երկու ժողովուրդներն էլ կապված են Ցեղասպանության ողբերգությամբ և վերապրել են նրա աներևակայելի սարսափները։

Եվ հենց հրեական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների զգալի ներդրման շնորհիվ է, որ աշխարհն իմացավ հայ ժողովրդին հասցված տառապանքների մասին՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի վկայություններից, Ռաֆայել Լեմկինի «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ դնելուց՝ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի վերաբերյալ։ Նաև Էլի Ուիզելի ծանրաձայն քարոզչությունից և Իսրայել Չարնիի, Յաիր Աուրոնի և այլոց գիտական մոնումենտալ ներդրումից: Իսրայելն ու Հայաստանը կապված են բազմաթիվ ոչ նյութական, մարդկային կապերով, որոնք ծաղկում էին՝ չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի մերժմանը և Ադրբեջանի հետ նրա գործընկերությանը։

Իսրայելը որոշել է Ադրբեջանին ընդունել որպես մաքուր մետաղադրամ՝ ընդունելով նրա նավթը զենքի դիմաց, որը նա ծավալում է հայ քաղաքացիական բնակչության դեմ շարունակվող սահմանային բախումների ընթացքում։

Նայելով ֆասադից այն կողմ, որ ներկայացնում է Ադրբեջանը՝ Իսրայելը կտեսնի մի ռեժիմ, որը հետևողականորեն աջակցում է նրա հակառակորդներին և համակված է տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը ոչնչացնելու մոլուցքով՝ ակնհայտ վիրավորանք այն ամենին, ինչ ավետել է Իսրայելը՝ ինքնորոշում և ապաստանի տրամադրում հետապնդվածներին ու ճնշվածներին:

Իսրայելը լսելով չէ, որ տեղյակ է այն խնդիրների մասին, որոնց առերեսվում է Հայաստանը, և վաղուց արդեն պայքարում է պետության կողմից հովանավորվող ռասիզմի այն տեսակի դեմ, որը քարոզում է Ադրբեջանը։

Երկու ազգերն ունեն ընդհանուր հինավուրց պատմություն և կապված են իրենց փորձով՝ որպես երկար ժամանակ պետականություն չունեցած սփյուռքներ, որոնց կենսունակությունը նրանց թույլ է տվել ոչ միայն գոյատևել, այլև բարգավաճել։ Այդ լույսի ներքո ժամանակն է, որ Իսրայելը վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Հեղինակը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության գծով տնօրենն է: