Սևանի ափամերձ տարածքներում գույքագրվել են ապամոնտաժման ենթակա շինություններ

Հուլիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսին շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրին Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության համար նախարարության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։

«Իրականացված աշխատանքներից ուզում եմ առանձնացնել լճի ափամերձ տարածքների մաքրումը։ Հաջորդ խնդիրը, որը կարևոր է Սևան լճի համար, շենքերի և շինությունների ապամոնտաժումն է։ Այս նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը գույքագրել է 1901,5 մետրի նիշից ներքև ընկած շինությունները, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։

Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար»։

Սևանա լիճ թափվող կեղտաջրերի հետ կապված միջոցառումների շրջանակում նախարարությունը նախատեսել է միջոցոռում 3 խոշոր աղտոտող համայնքների՝ Գավառի, Մարտունու և Սևանի համար հիմնել կենսաբանական մաքրման կայան։

Խոսելով տնտեսվարողների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ այս պահին տեղադրված է 17 լոկալ մաքրման կայան առավել խոշոր տնտեսվարողների մոտ։

Ոսկեհատ Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը դեռևս անցած տարի մշակել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, մշակման ձևերի և չափսերի կարգը։

Կարևորելով Սևանա լճի առողջացումը՝ նախարարությունը մշակել է նաև Սևան լճում հատուկ էնդեմիկ ձկնատեսակների լիճ բաց թողնումը։

Հունիսի 21-ին շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ակտիվություն ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։

Հունիսի սկզբին ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ երբ արձանագրվում է կապտականաչ ջրիմուռների աճ՝ մտնում ենք էֆտրոֆիկացման, այսինքն՝ լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է, քանի որ կա անվերադարձի նիշ։ «Եթե մենք չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, մենք փաստացի կարող ենք լիճ կորցնել»,- նշել էր Ղափլանյանը։