Սահմանադրական դատարանում նիստեր չլինելու պատճառը երկու դատավորների արձակուրդ մեկնելն է

Սահմանադրական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ, այդ պատճառով էլ ՍԴ-ում չկան նիստեր, չկան քվորումներ, որոշումներ չեն կայացվում․ այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այսինքն՝ արձակուրդ չգնալու դեպքում, Սահմանադրական դատարանում հնարավոր էր ապահովել քվորում, հետևաբար՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում չի առաջացել, այլ երկու դատավորների արձակուրդ մեկնելու պատճառով է այս իրավիճակը»,- նշել է Բադասյանը։

Ըստ Բադասյանի՝ ամեն տարի այս ժամանակահատվածը արձակուրդային է եղել Սահմանադրական դատարանում։

«Ոչ մի խնդիր չի առաջանա։ Վստահ եմ, որ առաջադրումները շուտով կկատարվեն, Ազգային ժողովը կուղարկի կառավարություն՝ Կոռուպցիայի կանխագելման հանձնաժողովին թեկնածուների մասով ստուգման գործընթացը ապահովելու համար։ Շուտով կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջ կազմով»,- ասել է Բադասյանը։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը հունիսի 25-ից արձակուրդ են վերցրել։

Ազգային ժողովը հուլիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:

Հուլիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել են, որ Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել և որ առաջիկայում կընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով

Գեղեցիկ Ոսկանյան