Ռուսաստանի փոխարտգործնախարարն արտահայտվել է Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու օգտին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն նշել է, որ բանակցությունների սեղանին պետք է մնա այն ամենը, ինչ նախկինում մշակվել էր միջազգային հանրության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում։

«Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ մյուս պետությունները, որոնք մտահոգված են այդ տարածաշրջանում կայունության հաստատմամբ եւ ամրապնդմամբ, պետք է հայտարարություններ անեն, որոնք կողմերին կխրախուսեն խաղաղության հաստատման, կրակի դադարեցման, կողմերի բաժանման, ինչի շուրջ ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել: Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»,- ասել է նա։

Ինչպես ընդգծել է փոխնախարարը, ՌԴ-ն ելնում է նրանից, որ այն ամենը, ինչ նախկինում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մշակվել էր միջազգային հանրության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, պետք է մնա բանակցությունների սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի նահանջի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել տիտանական ջանքերի արդյունքում, առաջին հերթին ՝ ՌԴ-ի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները մոտեցնելու գործում»,- ասել է Գրուշկոն:

«Այս հակամարտության լուծումը թույլ կտա էապես առողջացնել իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում ՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջև։ Կոչ ենք անում բոլորին նույնպիսի դիրքորոշում որդեգրել, հատկապես Մինսկի խմբի երկրներին»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։