Հայ-ադրբեջանական հուլիսյան բախումները՝ էներգետիկ մեծ նախագծերի քարտեզի վրա

Հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հյուսիսային հատվածում սկսված էսկալացիան շարունակում է գտնվել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներին հետևող օտարերկրյա փորձագետների և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Եթե սկզբնական շրջանում քննարկվող հիմնական հարցը դեպքերի բուն ընթացքն էր, ապա վերջին օրերին ավելի մեծ ուշադրություն է դարձվում դրանց պատճառների վերհանմանը։ Այս համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ակտիվորեն շրջանառության մեջ է դրվել էներգետիկ աշխարհաքաղաքականությանն առնչվող վարկածը։

Համաձայն այս տեսակետի, հայ-ադրբեջանական սահմանին գրանցված էսկալացիայի հիմնական նպատակը ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարող «Հարավային գազային միջանցք» ծրագրի մեկնարկի խափանումն է և Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի անխափան աշխատանքի խաթարումը։ Նույն տրամաբանության շրջանակում ակտիվորեն առաջ է քաշվում այն գաղափարը, որ այս հարցում հիմնական շահագրգիռ կողմը Ռուսաստանն է, իսկ Հայաստանը ներկայացվում է որպես ռուսական աշխարհաքաղաքական շահերի առաջ մղման գործիք։

«Հարավային գազային միջանցք» ծրագիրը մեկնարկել է 2013 թ. վերջին, երբ ադրբեջանական «Շահ դենիզ 2» գազային հանքավայրը շահագործող միջազգային կոնսորցումը British Petroleum ընկերության գլխավորությամբ վերջնական որոշում կատարեց ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ տեղափոխող երթուղու ընտրության հարցում։ Դեռ 2009 թ. հուլիսին Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Թուրքիայի միջև ստորագրվել էր համաձայնագիր Թուրքիայից Ավստրիա ձգվող տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող «Նաբուկո» գազամուղի կառուցման վերաբերյալ, որը ադրբեջանական, իսկ հետագայում նաև իրանական գազը պետք է հասցներ Ավստրիայում տեղակայված Բաումգարտեն գազային հաբ։ Սակայն տնտեսական և քաղաքական տարբեր խնդիրների պատճառով 2013 թ. դեկտեմբերին միջազգային կոնսորցիումը որոշեց ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխել տրանսանատոլիական (ձգվում է թուրքական Էրզրում քաղաքից մինչև Թուրքիա-Հունաստան սահման) և տրանսադրիատիկ (Թուրքիա-Հունաստան սահմանից` Հունաստանի, Ալբանիայի տարածքով և Ադրիատիկ ծովի հատակով մինչև Իտալիա) գազամուղերի միջոցով։ Ադրբեջանական գազը Էրզրում է հասնում դեռ 2006 թ. շահագործման հանձնված Բաքու – Թբիլիսի – Էրզրում գազամուղի միջոցով, որի մի շարք հատվածներ անցնում են վերջին էսկալացիայից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։

Տրանսանատոլիական գազամուղի գործարկման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 2019 թ. նոյեմբերի 30-ին, իսկ տրանսադրիատիկ գազամուղը նախատեսվում է գործարկել 2020 թ. աշնանը։ Տրանսանատոլիական գազամուղի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, սակայն հավելյալ ներդրումների դեպքում այն հնարավոր է հասցել 31 միլիարդ խորանարդ մետրի։ Նշված 16 միլիարդ խորանարդ մետրից 6 միլիարդը նախատեսված է թուրքական շուկայի համար, իսկ 10 միլիարդ խորանարդ մետրը կմատակարարվի Հունաստան, Ալբանիա, Բուլղարիա և Իտալիա։

Թուրքիան նվազեցրել է ռուսական գազի սպառումը

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրված տեսակետի համաձայն, Ռուսաստանն անհանգստացած է Թուրքիայում ադրբեջանական գազի սպառման ծավալների աճի և վերջինիս՝ եվրոպական շուկա մուտք գործելու հանգամանքով։ 2018 թ. Գերմանիայից հետո Թուրքիան ռուսական գազի երկրորդ խոշոր ներմուծողն էր` տարեկան մոտ 24 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Սակայն 2019 թ. ընթացքում Թուրքիան էականորեն նվազեցրել է Ռուսաստանից գազի ներմուծումը ի հաշիվ ինչպես ԱՄՆ-ից, Կատարից, Նիգերիայից և Ալժիրից գնվող հեղուկացված գազի, այնպես էլ ադրբեջանական խողովակաշարային գազի ներմուծման ծավալների աճի։ Եթե 2018 թ. ռուսական գազը կազմում էր Թուրքիա ներմուծվող ընդհանուր գազի ծավալի 47 տոկոսը, ապա 2019 թ. այդ ցուցանիշը նվազել է մինչև 33 տոկոս՝ ֆիզիկական ծավալով կազմելով ընդամենը 15,2 միլիարդ խորանարդ մետր։ 2020 թ. մարտ ամսվա տվյալներով ադրբեջանական գազը ներմուծման ծավալներով Թուրքիայում զբաղեցրել է առաջին տեղը՝ առաջ անցնելով ռուսական գազից։

Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետները նշում են, որ այստեղ դեր են խաղում ինչպես տնտեսական (կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բնական գազի գների էական անկումը եվրոպական սփոթային շուկաներում հնարավորություն է տալիս Թուրքիային այլ աղբյուրներից ավելի էժան գներով գազ ձեռք բերել, քան երկարաժամկետ պայմանագրերով ֆիքսված ռուսական գազի գինն է), այնպես էլ քաղաքական (2020 թ. ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության որոշակի աճը Սիրիայի և Լիբիայի ճգնաժամերի հետ կապված) գործոնները։

Իրենց համար ձեռնտու ձևով համադրելով վերոհիշյալ տվյալները՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանին ներկայացնել որպես ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնող ծրագրերի խափանմանը միտված պետություն

Իրենց համար ձեռնտու ձևով համադրելով վերոհիշյալ տվյալները՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանին ներկայացնել որպես ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնող ծրագրերի խափանմանը միտված պետություն։ Շրջանառության մեջ դրվելով ադրբեջանական պետական շրջանակների կողմից՝ այս թեզերը արագորեն սկսեցին կիրառվել մի շարք արևմտյան վերլուծաբանների հրապարակումներում։

Դեռ 1990-ական թվականների կեսերից արցախյան հակամարտությամբ զբաղվող ամերիկացի Բրենդա Շաֆերը հուլիսի 17-ին «Ժողովրդավարությունների պաշտպանություն» հիմնադրամի կայքում հրապարակեց «Հայաստան – Ադրբեջան հակամարտությունը սպառնալիք է եվրոպական էներգետիկ անվտանգությանը» վերլուծությունը, որտեղ շեշտվում է այն միքտը, որ ռազմական էսկալացիան լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Հարավային գազային միջանցքի» համար։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հուլիսի 21-ին իսրայելական Jerusalem Post պարբերականին տված մեկնաբանություններում շեշտել է, որ ռազմական էսկալացիան սպառնալիք է Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի անխափան աշխատանքի համար, որը մատակարարում է Իսրայել ներմուծվող նավթի 40 տոկոսը։

Վերջին իրադարձություններում էներգետիկ աշխարհաքաղաքականության վճռորոշ դերի և Ռուսաստանի շահագրգռվածության մասին է նշվում նաև Al-Monitor պարբերականում հուլիսի 22-ին հրատարակված «Կփոխի արդյոք հայ -ադրբեջանական էսկալացիան Հարավային Կովկասում ընթացող էներգետիկ խաղը» նյութում։ Այս տեսակետը սկսել է շրջանառվել նաև տարածաշրջանով զբաղվող վրացի փորձագետների կողմից։ Հուլիսի 22-ին ադրբեջանական «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում Կովկասի միջազգային համալսարանի պրոֆեսոր Վախթանգ Մայսայան նշում է, որ վերջին էսկալացիան կարող է առնչություն ունենալ հիբրիդային պատերազմի միջոցներով սեփական էներգետիկ շահերն առաջ մղելու Ռուսաստանի ձգտման հետ։

Միջազգային լրատվական և վերլուծական տարբեր հարթակներում նշված թեզերի առաջ քաշումը ունի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Կարճաժամկետ առումով այն միտված է արևմտյան գործընկերների շրջանում ՀՀ-ի վարկաբեկմանը և ՀՀ-ին որպես Ռուսաստանի կողմից Արևմուտքի դեմ վարվող հիբրիդային պատերազմի «բութ գործիքի» ներկայացմանը։ Երկարաժամկետ հեռանկարում այս քայլերը լիովին տեղավորվում են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ստատուս քվոյի պահպանման վտանգավորության վերաբերյալ միջազգային հանրությանը հղվող ադրբեջանական ուղերձների տրամաբանության մեջ։ Ադրբեջանի նպատակը հստակ է. ցույց տալ միջնորդներին, որ ստատուս քվոյի պահպանումը կարող է հանգեցնել ոչ միայն լայնածավալ ռազմական գործողությունների բռնկմանը, այլև վտանգել միջազգային նշանակության էներգետիկ ծրագրերի իրականացմանը։ Հետևաբար, բացասական զարգացումներից խուսափելու միակ իրատեսական տարբերակը ստատուս քվոյի փոփոխությունն է 2004 թ. քննարկվող փուլային լուծման տարբերակի հիման վրա։