Ժամանակակից գրողները՝ դպրոցում․ ինչ պետք է իմանալ նախարարության նոր չափորոշիչների մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը։ Հանրակրթական դպրոցներում Հայոց լեզու, գրականություն, Մայրենի առարկաների դասավանդման մեթոդաբանության, աշակերտներին առարկան ճիշտ մատուցելու, ժամանակակից գրողներին ուսումնասիրելու կարևորության մասին ՍիվիլՆեթը զրուցել է չափորոշչի և ծրագրերի մշակման աշխատանքային խմբից Թամար Ալեքսանյանի հետ։

Հիմնական փոփոխությունները

Նախորդից տարբերվում է նրանով, որ այնտեղ չափորոշիչն ամբողջությամբ չափելի չէր, շատ ընդհանրական տալիս էր նպատակներ, բայց ուսուցիչը հստակ չգիտեր, թե ինքն ինչ պետք է անի և ինչով պիտի չափի իր աշակերտին։ Այսինքն ստացվում էր, որ աչքաչափով աշխատում էր, աչքաչափով էլ վերջնարդյունքին էր հասնում։ Հիմա շատ հստակ վերջնարդյունքներ ենք մշակել, ընդ որում այդ վերջնարդյունքները մշակվել են որոշակի հասկացությունների հիման վրա։

Ուսուցումը և ուսումնառությունը 

Ուսուցման դեպքում ուսուցիչն ինքն է միակողմանի կազմակերպում գործը, իսկ ուսումնառության դեպքում աշակերտը կրում է պատասխանատվություն իր կրթական գործի համար, և ինքն այդ գործի մասնակիցն է, ակտիվորեն մասնակցում է ուսուցման գործընթացում։

Դա է պատճառը, որ ամեն տեղ, և ոչ միայն մեր խումբը, մյուս խմբերը ևս, ուսումնառությունն են շեշտադրել, որովհետև այսօր աշակերտը պատասխանատվություն պիտի կրի իր ուսումնական գործընթացի համար, ինքը չպետք է լինի ուղղակի սպառող։ 

Աշակերտը պետք է չլինի ուղղակի սպառող

Ի՞նչ է պահանջվում 21-րդ դարի աշակերտից

21-րդ դարի սովորողը պիտի լինի սովորող ողջ կյանքի ընթացքում, այսինքն՝ դպրոցը, բուհը ավարտելուց հետո ևս պիտի շարունակի անընդմեջ սովորել, բայց դրա հիմքերը դրվում են հանրակրթական դպրոցում: Դպրոցում նրան պիտի սովորեցնեն ինչպես սովորել, ինչ ձևով սովորել, և այստեղ դպրոցը պիտի սովորեցնի սովորել։

Դպրոցը պիտի սովորեցնի սովորել

Այսօրվա կրթությունը երկչափ մոդելից անցում է կատարել եռաչափ մոդելի։ Երկչափն այն է, ինչը մեր դպրոցներում շատ տարածված է․ ուսուցիչը դասը պատմեց, ես գնացի տուն, այդ նույն բանը սովորեցի, եկա պատմեցի, ստացա գնահատական, և հարցը փակվեց։ Որքա՞ն ես կհիշեմ դրանք, ի՞նչ կտանեմ, կյանքում որտե՞ղ ինձ դա պետք կգա․ այս հարցերն արդեն մնում են փակ։ Այսինքն՝ ստացվում է, որ ես կարճաժամկետ որոշակի փաստեր յուրացրեցի, բայց դրանք կյանքում ինձ այլևս երբեք պետք չեն գալու։

Եռաչափության դեպքում փաստերը և գիտելիքները շատ ավելի խորքային են, և դա ուսումնասիրվում է ոչ միայն մեկ առարկայի շրջանակում, այլ տարբեր։ Օրինակ՝ համակարգ։ Երբ ասում ենք համակարգ, այն կարելի է հանգիստ ուսումնասիրել լեզվի մեջ, կենսաբանության մեջ, ֆիզիկայի կամ ցանկացած տեղում։ Սրանք հասկացություններ են։ 

Միջազգային բակալավրիատը ինչպե՞ս է կառուցվում։ Տալիս է հասկացությունը, օրինակ՝ հաղորդակցում, և այդ հաղորդակցումը դիտարկում է տարբեր տեսանկյուններից, և այս դեպքում աշակերտի համար, կուտակելով այդ խորքային գիտելիքները, ստացվում է աշխարհի համապարփակ պատկեր։ Նա տեսնում է, որ այդ նույն հասկացությունը գործում է տարբեր ոլորտներում, և կարողանում է դրանք ի մի բերել և այդ բոլոր փաստերն իրար գումարել։

Բացի այդ, եթե նա իր սեփական հետազոտությամբ է հասնում սրան, սա դառնում է  ամբողջ կյանքի համար վերցված կարողություն։ Այսինքն՝ նա կարողանում փաստերը ոչ միայն վերցնել, այլև ուսումնասիրել, իրար կապել, համեմատել և որոշակի եզրահանգումների գալ։

Գրականության, ժամանակակից գրողներին ներառելու մասին

Գրականության առաջարկվող ծրագրում ներառվել են նաև ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ։

Աշակերտի համար գրականությունը դառնում էր իրենից դուրս, իրեն ոչ հետաքրքիր մի ոլորտ։ Եվ դրան գումարվեցին շտեմարանները, թեստերը, որ շատ ավելի մեծ խզում առաջացրին։ Այսինքն՝ կյանքը գնում է իր հունով, կյանքը լրիվ ուրիշ բան է ուզում, ուրիշ բան է պահանջում, բայց մենք աշակերտից պահանջում ենք սերտել և անգիր անել դրանք բոլորը, և բոլորս էլ շատ լավ գիտենք՝ այդ շտեմարանները լավ անգիր անող երեխան ամենաբարձր միավորն էր ստանում, իսկ մտածող երեխան, այն մարդը, որն ուզում էր համեմատել, քննադատական վերաբերմունք դրսևորել, միշտ չէ, որ կարողանում էր հաջողել այս ասպարեզում։

Ժամանակակից գրողների ընտրության չափանիշը տարիքային առանձնահատկություններն են եղել։ Դպրոցն ունի շատ հստակ տարիքային առանձնահատկությունների սկզբունք։ Իմիջիայլոց, մեր խումբը հենց սկզբից տարբեր հոգեբանների տեսությունների հիման վրա հստակ սահմանեց այդ տարիքային առանձնահատկությունները և այն, թե ամեն տարիքային խմբում ինչ տեսակ թեմաներ մենք կարող ենք վերցնել։

Մենք չենք ուզում, որ աշակերտը ժամանակագրական կարգով, վազելով հեղինակ սովորի, հեղինակի մասին արագ-արագ կարդա, անցնի մյուսին։ Հակառակը, բեռնաթափել ենք և թողել ենք քիչ ստեղծագործություններ ու առաջարկում ենք տեքստի վրա շատ լուրջ հետազոտական աշխատանք։ 

Ընդհանրապես, հիմքերի հիմքը մեզ մոտ հետազոտությունն է՝ սկսած ամենափոքր հետազոտությունից, վերջացրած մեծ հետազոտությամբ, երբ աշակերտը պետք է նախագիծ գրի։ Շեշտադրվում է աշակերտի ինքնուրույն աշխատանքը։

Հիմքերի հիմքը մեզ մոտ հետազոտությունն է

Պետք է ասեմ, որ մենք ուսուցչին պարտադրում ենք միայն վերջնարդյունքը։ Իսկ թե նա ո՛ր հեղինակով կհասնի այդ վերջնարդյունքին, իր խնդիրն է։ Ինքը աշակերտի հետ կարող է ընտրել ուսումնասիրվող նյութը և թեման։

Հանրակրթական դպրոցները պատրա՞ստ են փոփոխություններին

Շատ մեծ մի խումբ խանդավառությամբ մասնակցում է սեմինարներին, վեբինարներին։ Մեր խումբը, որը կազմված է վեց ընտիր մարդկանցից, որոնք բոլորը դասավանդում են դպրոցում, շատ լավ գիտի իր գործը։

Մենք բոլորս սեմինարներ ենք վարում, և շատ մեծ թվով ուսուցիչներ են մասնակցում։ Ոգևորված ուսուցիչների մի մեծ խումբ կա, բայց կան նաև մարդիկ, որոնք հասկանում են, որ ստիպված են նստել և կարդալ, կարդալ ժամանակակից գրականություն։ 

Պատկերացնո՞ւմ եք,- չգիտեմ ինչ անուն տալ դրան, զավեշտալի, ծիծաղելի ասեմ,- որ 21-րդ դարում ապրող երեխան չի կարդում 21-րդ դարի գրողի գրածը, բայց չէ՞ որ հիմա հիանալի երիտասարդություն ունենք, որ լավ գործեր են գրում։

Մենք այդ փորձը ևս ունենք։ Անանիա Շիրակացի Ճեմարանում մենք ժամանակակից գրողների գործերն ուսումնասիրում ենք՝ նրանց, ընդ որում, հրավիրելով ճեմարան։ Հեղինակը գալիս է, և նրա ներկայությամբ քննարկում ենք գործը։ Այսինքն՝ այս ճանապարհով մենք երեխային կապում ենք գրականությանը և գրքին։ Բացի դրանից, նրան սովորեցնում ենք՝ ինչպես կարդալ, ինչպես է կառուցել հեղինակը, ինչպես է մասերը իրար կապել, ինչպես է բառերը համադրել, ինչ ձևով է հույզը վերարտադրում, ինչպես է, օրինակ,  նկարագրում գործողությունների ընթացքը և այլն։ Այս ուղղությունն էլ մեր խմբում ապահովում է արձակագիր Գրիգը։

Մեր արած գործի հաջորդ կարևորագույն պահն այն է, որ սահմանել ենք վերջնարդյունքները, և ուսուցչից պահանջվում է հետևել այդ վեջնարդյունքներին։ Ընդ որում, վերջնարդյունքները հետևյալ հասկացությունների շուրջ են խմբավորվել՝ հաղորդակցում, ընթերցանություն, ստեղծարարություն, քերականական համակարգ և վերաբերմունք, որի մեջ մտնում է նաև արժևորումը։ 

Սրանցից ամեն մեկը իր ենթահասկացութուններով, ընդամենը չորս վեջնարդյունք ենք շարադրել։ Այսինքն՝ սիրելի՛ ուսուցիչ, եթե, օրինակ, անցնում ես  «Վարդանանքը», ընթացքում ապահովի՛ր հաղորդակցման զարգացումը, որ քո աշակերտը կարողաա բանավոր ելույթ ունենա դասարանի առջև և պատմել այն, ինչ ինքը սովորել է պատմավեպից։ Հմտությունների մի ամբողջ համախումբ է  ստացվում այդ մի գործի շուրջ։ 

Ո՞րն է հիմնական քննադատությունը

Մեկ-երկու մարդ ժամանակագրությունը հանելուն համաձայն չէր։ Իսկ շատերի խոսակցության թեման այն դարձավ, որ մենք այդքան հստակ չէինք նշել Խորենացուն, Նարեկացուն, միջնադարյան պատմագիրներին և միջնադարյան գրականությունը։ Մենք դրանք բոլորը տալու ենք զուգորդումներով, այսինքն՝ եթե ես ուսումնասիրում եմ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգությունը, դրան զուգահեռ նորից անդրադառնում եմ Խորենացուն։

Եթե օրինակ «Վարդանանքն» եմ անցնում, դրան զուգահեռ հատվածներով ուսումանսիրում ենք Եղիշե և այլն։ Այսպիսի զուգորդումները երեխաներին հնարավորություն կտան տեսնելու ընդհանարպես գրականության ներքին կողմը, տեքստը տեքստի մեջ կամ զանազան ազդեցություները, որ շատ հետաքրքիր են, և աշակերտները սիրում են այդ բացահայտումներն անել։

Այս ճանապարհով, ապահովելով արդիականությունը, գնում ենք դեպի խորքային լուծումներ։ Աշակերտը տեսնում է գրականության հետ կապը, իսկ եթե տեսնում է, նաև կուզենա կարդալ։

Եթե աշակերտին տալիս ես կարդալու միջոցները, պարտադիր չէ, որ շատ ստեղծագործություններ ուսումնասիրես։ Մի ստեղծագործության հիման վրա կարելի է հանգիստ այդ գործիքները տալ, ու երբ նա դրանք ունենա, կկարողանա ընդհանրապես գիրք կարդալ և կկապվի գրքի հետ։ Մենք ուզում ենք դա անել։

Ամփոփում

Ինքնուրույնություն, քննադատական մտքի, համեմատելու, հակադրելու, նմանություններ գտնելու, ինքնուրույն եզրահանգումներ անելու և այդ բոլորն ամփոփելու, բանավոր և գրավոր խոսքով ներկայացնելու կարողություն։ Մենք հենց հիմա դրա շատ լուրջ խնդիրն ունենք։

Հանրության դիտարկումների և առաջարկների հիման վրա ծրագիրը լրամշակվում է։

Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգը՝ http://escs.am/files/files/2020-07-17/5274af14a6831d415b35417b59d851a7.pdf 

Զրուցեց Լուսինե Վարդանյանը