ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունների նախագիծը. այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Այն նախատեսում է 1,4 մլն դոլարի աջակցություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման աշխատանքները: Արցախին օգնության վերաբերյալ փոփոխությունն ընդունվել է որպես փոփոխությունների ավելի մեծ խմբի մի մաս:

2021 թվականի ֆիսկալ տարվա արատասահմանյան օգնության օրինագծի ոչ մի փոփոխություն այնքան աջակից չի ունեցել, որքան Արցախին օգնության տրամադրման հարցը:

HALO Trust-ը Արցախում հումանիտար ականազերծմամբ է զբաղվում 2001 թվականից:

ANCA- ն ներկայում աշխատում է Սենատի ղեկավարների հետ Արցախին օգնության հարցը ներառելու 2021 թվականի ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության օրինագծի իրենց տարբերակում, որը դեռ պետք է ընդունվի հատկացումների հանձնաժողովի կողմից:

Այս տարվա մարտին քննարկումներ էին ընթանում ԱՄՆ կողմից The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին։

ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն է, որն ուղիղ ֆինանսական օգնություն է տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։

Գեղեցիկ Ոսկանյան