ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից զինված ուժերի մասին տեղեկություններ ստանալու փորձեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ, որոնցով, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, զանգահարել են ՀՀ քաղաքացիներին՝ ցանկանալով հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալ։

«Հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից»,- հայտնում է ԱԱԾ-ն։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո: