Մոսկվայում հայերի վրա հարձակված ավելի քան 50 ադրբեջանցի ձերբակալվել է. ՌՀՄ

«Իլհամ Ալիևն ու Բյուլ-Բյուլ օղլին ամեն բան անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։ Նրանց ձեռքի տակ ընկած հրոսակներ գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա՝ ընդ որում հայի հետ շփոթել և ծեծել են նաև մեկ ադրբեջանցու»․ ասված է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ։

Մոսկվայի հատուկ նշանակության ջոկատը մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել է 50-ից ավելի ադրբեջանցի հանցագործների, որոնք մասնակցել են հայերի ծեծին:

Ըստ հայտարարության՝ նրանց կառաջադրվեն խուլիգանության և ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքներ։

Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է, որ մշտական կապի մեջ է ուժային կառույցների հետ և հետևողական է լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկեն ոչ միայն այդ հանցագործությունները կատարողներին ու հրահրողներին, այլև «ոգեշնչողներին»:

«Խնդրում ենք այս օրերին զգոն լինել և միաժամանակ չտրվել սադրանքներին։ Ադրբեջանցիների վայրագությունների և նրանց կողմից կազմակերպվող ջարդերի մասին տեղեկատվությունը գալիս է նաև աշխարհի այլ երկրներից»,- ասված է հայտարարությունում։