Տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում անկում է ապրել 4,7 տոկոսով

ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում 4,7 տոկոս անկում է ունեցել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին պարզ է դառնում Ազգային վիճակագրական կոմիտեի այս կիսամյակի մակրոտնտեսական օպերատիվ տվյալների ամփոփումից։

Ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 23,4 տոկոս։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման շրջանում խիստ սահմանափակումների անցնելու ժամանակ շինարարական աշխատանքները պարետի որոշմամբ դադարեցվեցին։ Փոխարենը աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 1,5 տոկոսով։

Հայաստանից արտահանումը նվազել է 6,5 տոկոսով, ներմուծումը՝ 13 տոկոսով։

Աղբյուրը՝ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտե