Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք. ՏՏ

Վերջին տարիներին ՄԿՈՒ (մասնագիտական կրթություն և ուսուցում) ոլորտը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում՝ հանդիսանալով անհատական, տնտեսական և սոցիալական կարողությունների առաջմղման կարևորագույն շարժիչ ուժ: Այն կարևոր դեր է կատարում երիտասարդների զբաղվածության խթանման գործում և ապահովում է երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հմտություններ:

Արդեն երեք տարի է, ինչ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում Հայաստանի մասնագիտական կրթական հաստատություններում փորձարկվում է դուալ համակարգը՝ գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման հեռանկարային այս մոդելը՝ դուալ համակարգը, լավագույն հնարավորությունն է ընձեռում ուսանողներին՝ դասեր քաղելու անմիջապես աշխատանքային գործընթացներից՝ տեսական գիտելիքներ ստանալով կրթական հաստատությունում և միաժամանակ գործնական հմտություններ ձեռք բերելով մասնավոր ընկերություններում: Դուալ կրթական համակարգի առանցքում մասնավոր հատվածի ներգրավումն է մասնագիտական ուսուցման գործընթացներին և համագործակցությունը կրթական հաստատությունների հետ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր մշակելու համար:
2019 թ. ծրագիրն աջակցություն ցուցաբերեց ՀՀ կառավարության «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնությանը՝ համատեղ ջանքերով նպաստելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավմանը՝ աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով:

Համագործակցության շրջանակում, այլ աջակցության գործողությունների հետ մեկտեղ, ստեղծվեցին չորս ֆիլմեր, որտեղ ներկայացվում են Վայոց ձորում ներդրված գինեգործություն, Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում՝ զբոսաշրջություն, Երևանում և Տավուշի մարզում՝ ճշգրիտ ճարտարագիտություն, Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությունները: Ֆիլմերում ուսանողները, հանրային և մասնավոր հատվածների գործընկերները գնահատում են ինչպես աշխատաշուկա-կրթություն արդեն ձևավորված կապերի կարևորությունը, այնպես էլ ներկայացնում ապագայում սովորողների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունները:

Իսկ թե ինչպես է ընթանում համակարգի ներդրման գործընթացը ՏՏ ոլորտում, պատմում են հենց ուսանողները, դասավանդողները, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Դուալ համակարգի մասին ավելի մանրամասն՝ այստեղ http://escs.am/am/static/dual?s=edu