Պնդումներն անհիմն են. Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանին

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին սոցիալական ցանցերում կատարած գրառոմը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Հայաստանում և հայկական շրջանակներում: Այդ մասին ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում խոստովանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշելով այդ հանգամանքը՝ Հայաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ թվարկված բոլոր պնդումներն անհիմն են։

Հուլիսի 18-ին Telegram-ի իր ալիքում Մարգարիտա Սիմոնյանը ուղերձ է հղել Հայաստանի իշխանություններին: «Ի պատասխան երկարամյա բարիքի և պաշտպանության, որը դուք ստացել եք Ռուսաստանից, դուք չեք ճանաչել Ղրիմը։ Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։ Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին… Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետ», – թվարկել է նա։ Ինչպես գրել է RT-ի գլխավոր խմբագիրը, իր դիրքորոշումը հայտնել նրան ստիպել են Հայաստանի իշխանությունների «համացանքային զորքերը»: «Այն ամենից հետո, ինչ դուք արեցիք, Ռուսաստանն ունի լիակատար բարոյական իրավունք թքել ձեզ վրա եւ ջնջել», – եզրափակել է նա:

«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբա՞ղը։ Ո՛չ”, – պատասխանել է Փաշինյանը՝ մեկնաբանելով Սիմոնյանի առաջին թեզը։ Սակայն Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են, հիշեցրել է նա։

Մեկնաբանելով 2008-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին հայտարարությունը, Փաշինյանը նշել է, որ ոչ թե առանձին քաղաքական գործիչներ են Ռուսաստանի դաշնակիցները, այլ ողջ հայ ժողովուրդը: «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը չէ, ոչ էլ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարեւոր նրբություն է», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով ՝ շատ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացնում էին որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, բայց «Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է»։

Պատասխանելով ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ Սիմոնյանի հայտարարությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նրանք սկսել են աշխատել շատ ավելի շուտ՝ 2018-ին իր իշխանության գալուց առաջ։ «Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ ձգտումներին։ Բոլոր այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Եթե նրանք այդքան ռուսամետ են, ինչո՞ւ նրանք չեն փակել այդ կազմակերպությունները», – հարց է հնչեցրել Փաշինյանը։

Փաշինյանի՝ ՌԲԿ-ի տված հարցազրույցը տեղի է ունեցել Երևանում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումից հետո։