Հրապարակել Կազանը, Լավրովի պլանը և նոր շունչ տալ բանակցային գործընթացին

2001 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը երկրի խորհրդարանում ղարաբաղյան կարգավորման օրակարգով երկօրյա քննարկում էր կազմակերպել՝ հրավիրելով երկրի բարձրագույն ղեկավարությանը, Բաքվում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարների:

Իր ընդարձակ ելույթում հայր Ալիևը մանրամասնորեն ներկայացրեց կարգավորման գործընթացը, ինչպես նաև՝ հակամարտության կողմերին ներկայացված երեք գրավոր առաջարկները՝ 1997-ի փաթեթայինն ու փուլայինը և 1998-ի ընդհանուր պետությունը:

Մի քանի օր անց Հայաստանում հրապարակվեցին մինչ այդ գաղտնի համարվող վերոնշյալ երեք փաստաթղթերը: Հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ գաղտնազերծվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գրավոր առաջարկները:

Դրանից հետո ոչ մի անգամ հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերը չեն հրապարակել կարգավորման փաստաթղթերը: 2016թ․ ապրիլյան քառօրյայից հետո Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը գաղտնազերծել է 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական հանդիպման ընթացքում Երևանին և Բաքվին փոխանցված մադրիդյան 14 կետանոց փաստաթուղթը:

Ինչո՞ւ 2001 թվականին նախ Բաքուն, ապա Երևանը գաղտնազերծեցին երեք առաջարկները: Հիմնական պատճառն այն էր, որ կողմերը գնում էին դեպի Քի Վեսթի կարգավորում, որը ենթադրում էր հակամարտության կարգավորման նոր փիլիսոփայություն ու մոտեցում՝ տարածքների փոխանակման տարբերակ: Այսինքն, կողմերը հրաժեշտ էին տալիս 1997-1998 թվականների երեք առաջարկներին, որոնք մերժել էին կամ Բաքուն, կամ Ստեփանակերտը:

Հայաստանի այսօրվա ղեկավարությունը պետք է ավելի հստակ լինի ղարաբաղյան կարգավորման իր մոտեցումներում ինչպես հայ հասարակության, այնպես էլ Ադրբեջանի և միջազգային հանրության համար: Պաշտոնական Երևանը, սակայն, հստակ չի արտահայտվում՝ ընդունելի՞ են արդյոք Մադրիդյան առաջարկներն ու նրանից ածանցյալ սևագրերը, որոնք 2008 թվականից ի վեր՝ մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը, ներկայացվել են հակամարտության կողմերին որպես բանակցային հիմք:

Այսօր, երբ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը մտել է հերթական փակուղին՝ պայմանավորված հուլիսյան սրացումով, Հայաստանը պետք է կատարի հետևյալ քայլերը.

Առաջին՝ հրապարակել (դա կարող է անել անուղղակի կերպով) այն առաջարկները, որոնց շուրջ կողմերը տևական բանակցություններ են վարել, մասնավորապես՝ Կազանի փաստաթուղթը, որը ընդունելի է եղել Սերժ Սարգսյանի և մերժելի՝ Իլհամ Ալիևի համար, և Լավրովի պլանը, որը անընդունելի է եղել նախևառաջ հայկական կողմի համար:

Երկրորդ՝ նախաձեռնել բանակցային ակտիվ գործընթաց հնարավոր բոլոր մակարդակներով՝ լրագրողների ու փորձագետների ներգրավումից մինչև ժողովրդական դիվանագիտություն և արտգործնախարարների ու պետության ղեկավարների մակարդակով:

Ինչո՞ւ է կարևոր 10 տարի բանակցված փաստաղթղթերի հրապարակումը: Դա ունի և՛ ներքին, և՛ արտաքին նշանակություն: Այդ փաստաթղթերի հրապարակմամբ հայ հանրությունը կտեղեկանա, թե ինչ են բանակցել նախկին իշխանությունները, որոնք գործող իշխանություններին պարբերաբար մեղադրում են Ղարաբաղը ծախելու մտադրության մեջ: Երբ հրապարակում ես նախկին փաստաթղթերը, դրանով, ըստ էության, մերժում ես և՛ Կազանը, և՛ Լավրովի պլանը՝ նախաձեռնելով կարգավորման նոր մոտեցումներ ու փիլիսոփայություն, ինչպես նաև ցույց ես տալիս, թե ինչ են բանակցել մարդիկ, որոնք այսօր խոսում են Ղարաբաղ ծախելու մասին: Երբ չես մերժում նախկին իշխանության բանակցած փաթեթները, անուղղակի կերպով ընդունում ես, որ պատրաստ ես շարունակել 2004-ից սկսված պրահյան գործընթացը, որի հիմնական մեխը հետաձգված հանրաքվեի գաղափարն է:

Եթե ընդունում ես, որ պրահյան գործընթացն ու մադրիդյան մոտեցումները չարյաց փոքրագույնն են և որ ավելին անհնար է ստանալ բանակցային ճանապարհով, ապա այդ դեպքում էլ պետք է լինել ազնիվ հայ հասարակության, միջազգային հանրության և հակառակորդի առաջ:

Այսօր հասկանալի չէ այն հենքը, այն սևագիրը, որը որպես բանակցությունների շարունակականություն, ընդունելի է հայկական կողմերի համար:

Անկախ նրանից՝ ընդունում ես պրահյան փիլիսոփայությունը, թե ոչ, պետք է դիմել բանակցային ակտիվ գործընթացի:

Երբ սեղանին չկա փաստաղթուղթ, դա նշանակում է, որ դիվանագիտությունը պարտվել է: Պատերազմում հաղթած հայկական կողմի համար բանակցային սեղանին փաստաթղթի բացակայությունը հայկական դիվանագիտության պարտությունն է՝ անկախ նրանից, թե ինչ վերջնագրերով է խոսում հակառակորդը:

Դու բանակցում ես ոչ միայն խաղաղություն բերելու, այլ ստատուս քվոն կառավարելի պահելու համար: Երբ չկա բանակցային գործընթաց և մեծ է հավանականությունը, որ կլինի կարգավորման գործընթացի խզում, նոր պատերազմի կիսաբաց դուռը բաց ես թողնում Ադրբեջանի համար:

Հայաստանը պետք է դիվանագիտական ճակատում անի առավելագույնը, որպեսզի Ադրբեջանը չփակի խաղաղության կիսաբաց դուռը: Կամ, եթե այնուամենայնիվ, Ադրբեջանը վերջնական որոշում է կայացրել հրաժեշտ տալ խաղաղ գործընթացին և փակել դուռը, ապա դրա համար պետք է չափազանց թանկ վճարի: