Կապսի ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի տարեկան 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա խնայել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հուլիսի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը:

Նշվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր երկարությամբ պատվարով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2 280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի նաև ոռոգելի տարածքներն ընդլայնել 7 000 հեկտարով՝ Թալինի տարածաշրջանում:

Ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թվականին և ավարտին հասցնել 3,5 տարվա ընթացքում:

Վարչապետը կարևորել է վերը նշված ծրագրի իրականացումը և հանձնարարել այն կյանքի կոչելիս հաշվի առնել նաև Էներգետիկ հզորությունները նախատեսելու հարցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային պահանջարկի ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն ու նշել, որ պետք է այդ ուղղություններով իրականացնել հետևողական աշխատանքներ:

***

Կապսի ջրամբարը անավարտ ջրամբար է Շիրակի մարզում` Ախուրյան գետի աջ ափին: Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։

Ջրամբարի շինարարությունն սկսվել է 1985 թվականին։ Շինարարական աշխատանքները մինչև 1989 թվականի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993 թվականին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի։

Շինարարության նշված ժամանակահատվածում կառուցվել է ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, իրիգացիոն թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ և ձախ մասերի պատնեշների որոշ հատվածները, ինչպես նաև կատարվել են ցեմենտավորման որոշ աշխատանքներ։

ՀՀ կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է ջրամբարի վերականգմանը, մասնավորապես` պատվարի բարձրացմանը, որի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվի նախագծային 8 համայնքներում (Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր)։