Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատել «Հայաստանում պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը»

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:

«Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։

Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

***

Հուլիսի 28-29-ին ՀՀ ռազմական ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ։

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Նույն օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ։