Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։

«Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննա փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին»,- ասված է հաղորդագրությունում:

***

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի ԶՈՒ մասնագիտացված խմբերը տեսչական այցեր են իրականացրել Հայաստանում:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը:

Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈւ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում` Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում և այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ պետություններում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին: