Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել, իրավիճակը բարելավվել է․ վարչապետ

Հուլիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է:

«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ իրավիճակով պայմանավորված Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի 1-ից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոն Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել և կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ Ըստ նախարարի՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, և հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե՛ սովորական, թե՛ վերակենդանացման բաժանմունքներում։

«Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավալման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա ընթացքում այն նորից նույն ծավալով աշխատեցնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել ու հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու»,- ասել է նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկորդ ալիքին։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկակակ կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։

«Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», – ասել է Արսեն Թորոսյանը։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ առաջիկայում մի շարք ոլորտների գործունեության հետ կապված կընդունվեն պարետի որոշումներ, որոնք հնարավորություն կտան հստակ կանոնների պահպանմամբ վերսկսել գործունեությունը:

Եզրափակելով ճեպարզրոյցը՝ վարչապետը նշել է, որ ներկայիս իրավիճակը հուսադրող է, բայց այդ հույսը կարող է հօդս ցնդել, եթե մենք այդ հույսը, հնարավորությունը չօգտագործենք: «Կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ մենք կենտրոնացել ենք առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով: