Սեպտեմբերի 1-ից ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը․ պարզաբանում է փոխնախարարը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 30-ին ՍիվիլՆեթի տաղավարում խոսել է մի շարք թեմաների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերից դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակների մասին։

Փոխնախարարի խոսքով՝ մի քանի սցենար է մշակվել՝ առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, կրթության տեսչական մարմնի, քաղաքապետարանի հետ։ Առաջարկներ եղել են նաև դպրոցներից։ Նա նշում է, որ առողջապահության նախարարությունը իրավիճակի գնահատման որոշակի ցուցիչներ է առաջարկել։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ դիտարկվում է երեք հիմնական սցենար։

  1. Իհարկե, ամենաանցանկալի տարբերակը ամբողջական հեռավար ձևաչափն է, որի անհրաժեշտությունը, հուսով ենք, որ համաճարակային իրավիճակի տեսանկյունից չենք ունենա։
  2. Միջին իրավիճակի պարագայում ունենք խառը մոդել, որի պարագայում կփորձենք համատեղել։ Այստեղ առանցքային է իհարկե տարրական դպրոցում առկա ուսուցման ապահովման գործընթացը, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ երեխաների սովորելու և սոցիալիզացվելու տեսանկյունից, և այստեղ բացթողնված ժամանակը կարող է նաև նշանակել դասընթացը կրկնելու անհրաժեշտություն։
  3. Եվ ունենք ավելի օպտիմալ տարբերակ։ Կարծում եմ՝ այս պայմաններում մեզ պիտի թույլ տան գնալ դրան, և մենք հակված ենք դրան, որ առկա ուսուցում ունենանք ամբողջությամբ՝ տարբերակված ըստ դպրոցների չափի։

«Այն դպրոցները, որտեղ երեխաների թիվը մինչև 100 է, կարող են առանց որևէ զգալի դժվարությունների հակահամաճարակային կանոնների պահպանմամբ այդ գործընթացն իրականացնել։ Ինչ-որ փոփոխությունների կարիք կունենանք 101-300 աշակերտ ունեցող դպրոցներում՝ հերթափոխների և այլնի տեսանկյունից, իսկ 300-ից ավելի աշակերտներ ունեցող դպրոցների պարագայում մի փոքր այլ լուծումներով, բայց էլի առկա է ուսուցման կազմակերպման հնարավորություն»,- նշեց Անդրեասյանը։

Ըստ նրա՝ այս ամենը ենթադրում է հակահամաճարակային հստակ կանոնների պահպանում՝ դասապրոցեսի կազմակերպման, դասասենյակների տեսանկյունից, միմյանց հետ շփվելու հնարավորությունների բացառում, կաբինետային ուսուցման բացառում։

«Այս բոլոր կանոնները քննարկված են, հիմա վերջնական համաձայնությունների փուլում են, և ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում նաև վերջնական կհաստատվեն և կներկայացվեն հանրությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով դպրոցներում դիմակներ կրելուն՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ խնդիրները բավականին բազմաշերտ են, դրանք բոլորը քննարկվում են, և բոլորի մասով որոշակի լուծումներ են առաջարկվում։

«Օրինակ, մենք ունենք ուսուցիչներ, որոնք ավելի ռիսկային խմբում են։ Սա պահանջում է առանձին մոտեցում։ Արդյոք այս ուսուցիչներին ներգրավո՞ւմ ենք, այդ դեպքում ինչպիսի՞ պաշտպանիչ միջոցների անհրաժեշտություն կա։ Եթե չենք ներգրավում, փախարինո՞ղ ուսուցիչներ ենք ունենում»,- պարզաբանեց փոխնախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ դիմակների արդյունավետությունը տեսնում ենք։

«Առնվազն վերջին օրերի վիճակագրությունը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս։ Իհարկե, պատկերացնում եմ, որ առնվազն տարրական դասարաններում սա կունենա որոշակի բարդություններ, բայց պետք է հասկանանք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, թե լավագույն կարգավորումը որը կլինի»,- շեշտեց Անդրեասյանը։