ՌԴ-ն տրամադրված է աշխատել Թուրքիայի հետ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար

Ռուսաստանի համար մտահոգիչ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ նկատելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով:

Նրա խոսքով՝ պաշտոնական Մոսկվան անհանգստությամբ է ընդունել «բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը»:

«Ինչպես ցանկացած տարաձայնություն միջազգային ասպարեզում, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել բանակցային ճանապարհով», – ասել է նա՝ ընդգծելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանդարտեցման հարցում Ռուսաստանի ներդրումը:

«Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով», – ասել է նա, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մասնավորապես հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հեռախոսազրույցներն ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, ինչպես նաև թուրքական կողմի հետ Հարավային Կովկասում և կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկումը:

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը, արձանագրելով լուրջ մտահոգություն տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացումների վերաբերյալ, ելնում են առկա խնդիրների քաղաքական-դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունից: Դիվանագիտական լուծումը, հավելում է նա, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ «ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»:

Զայցևը նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է գործընկերների, այդ թվում Թուրքիայի հետ համատեղ աշխատել տարածաշրջանում ընդհանուր իրադրությունը կայունացնելու նպատակով:

«Նպատակն է ակտիվորեն նպաստել Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատմանը», – ասել է նա: