Տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին․ Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում կայացած ասուլիսին հաստատել է, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանին վաճառված սպառազինության քանակը շատ ավելի մեծ է եղել։

«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Բայց վերջին մի քանի տարիներին մենք տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին: Չգիտես ինչու, սակայն, որևէ մեկն այդ մասին չխոսեց, որևէ լրատվամիջոց չանդրադարձավ դրան»,- ասել է Վուչիչը:

Մամուլում վերջին օրերին հրապարակումներ եղան այն մասին, որ Բելգրադն ու Երևանը սպառազինության ոլորտում վերջին տարիներին մի շարք գործարքներ են կնքել։ Մասնավորապես նշվում էր, որ Բելգրադը ավելի քան 10 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել Հայաստանին։

Սերբիայի նախագահի խոսքով՝ նման մատակարարումները հնարավորություն են տալիս երկրի ռազմաարդյունաբերական համալիրին խուսափել վերջնական անկումից:

«Իսկ ի՞նչ ենք անելու մենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Դուք ուզում եք, որ դրանում ներգրավված մարդիկ անգո՞րծ մնան: Սերբիայի ռազմաարդյունաբերական համալիրում 17 հազար մարդ է աշխատում, և հարկավոր է այնպես անել, որ նրանք պահպանեն աշխատատեղերը։ Բայց եթե ընդհանրացնենք, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ ենք մենք սպառազինություն վաճառելու ապագայում։ Ում էլ վաճառենք, միևնույն է, ենթարկվելու ենք քննադատության», – նշել է Սերբիայի նախագահը։