Հայաստանում կստեղծվեն հակակոռուպցիոն դատարաններ 

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: 

Նախագիծը քննարկման է ներկայացված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և փոխկապակցված գործերի քննության ենթաբաժիններ։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է երեք հիմնական փաստարկ՝ արդյունավետություն, ամբողջականություն և մասնագիտացվածություն։ 

Փաթեթով սահմանվել են նաև հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ։ Սահմանափակումներ են նախատեսվել դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, նախկին հետաքննիչի, օպերլիազորի, նախկին օպերլիազորի, փաստաբանի և նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։

Արդարադատության նախարարությունը գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար սահմանել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվելու է երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել է, որ  դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի առնեն փորձագետների կարծիքները:

Ժաննա Ավագյան