Արցախ․ զրույց հողի հետ, ֆոտոշարք

83-ամյա Յուրի Արամյանն ինքնուս ագրոնոմ է Արցախի Ասկերանի շրջանում։ Երկար տարիներ տարբեր համայնքների ղեկավար է եղել։ Թոշակի անցնելուց հետո սկսել է ակտիվ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ամեն ինչ աճեցնում է իր ձեռքով՝ ընտանիքի հետ։ «Բույսերի հետ պետք է շփվել, հոգ տանել նրանց մասին, սիրել, եթե պետք է՝ զրուցել նրանց հետ»,- ասում է Յուրի Արամյանը։

Այժմ այգում աճեցնում են 26 տեսակի ծառ և բանջարեղենի ու մրգերի տարբեր տեսակներ, որոնք միայն այստեղ կարելի է գտնել։ Հարցին, թե արդյոք զբաղվում են մարքեթինգով, և ինչպես են իրականացնում վաճառքը, նրա դուստրը պատասխանեց․ «Մարքեթի՞նգ, չեմ կարծում, որ դրա կարիքը ունենք։ Մարդիկ ճանաչում են մեզ, սիրում են մեր բերքը, վստահում են, գալիս և հասնում են այստեղ Հայաստանի մարզերից և նույնիսկ արտասահմանից, որ հենց մեր մաքուր պտուղները համտեսեն»։