«Մասրիկ» արևային կայանի գույքն ու բաժնետոմսերը կգրավադրվեն

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանը պատրաստվում է գրավ դնել իր բաժնետոմսերը՝ կայանի կառուցման համար միջոցներ ներգրավելու համար։ Հարցն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օգոստոսի 5-ի նիստի օրակարգում։ Կառավարությունը գրավադրման վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել։

«ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ն, որը արևային կայանի սեփականատերն է, ՀԾԿՀ-ին տեղեկացրել է, որ նախատեսում է էլեկտրակայանի կառուցումն իրականացնել վարկային միջոցներով և դրա դիմաց պատրաստվում է գրավադնել ձեռք բերված ու բերվելիք շարժական ու անշարժ գույքերը, ընկերության բաժնետերեր ««ԷֆԱրՎի Լա Պրովիդենսիա» և «ԷֆէսԷլ սոլար» ընկերությունների բաժնետոմսերը։

Դրանք գրավադրվելու են հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և նրանց գրավի գործակալներ «Ամերիաբանկ»-ի և «Սիթիբանկ»-ի Լոնդոնի մասնաճյուղի։

Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար 2018-ին հայտարարվել էր ներդրումային ծրագրի մրցույթ։ Մրցույթում էլեկտրաէներգիայի արտադրության համար ամենանվազ գին առաջարկել էին «Ֆոտովատիո ռենյուաբըլ վենչըս» և «էֆէսէլ սոլար» ընկերություններին կոնսորցիումը։ 1 կիլովատ ժամի համար նրանք առաջարկել էին 20 դրամ։ Ներդրումային ծրագիրը գնահատվում է մոտ 58 միլիոն դոլար։

ՎԶԵԲ-ից տեղեկանում ենք, որ արևակայանի կառուցման համար մոտ 41 միլիոն դոլարը երկարաժամկետ պարտավորության ֆինանսավորում է՝ ՎԶԵԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից։ Դրանից ՎԶԵԲ-ը տրամադրում է 20 միլիոն 300 հազար դոլարը։