Տավուշ. թարմացվող հիշողություններ պատերազմի տարիներից

Բոլորի դիակները դրված էին Նոյեմբերյանի ֆուտբոլի դաշտի արևմուտք նայող հատվածում՝ կողք կողքի՝ դեմքերով դեպի արևելք: Մեր դասարանցի Մարտիկ Գիշյանը մյուս զոհերից տարբերվում էր կամ գուցե ես եմ հիմա այդպես հիշում. նրա ճակատը ամբողջությամբ փաթաթված էր սպիտակ բինտով: Կրակից հավանաբար նրա գլուխն էր վնասվել: Բացի այդ, Մարտոն զոհերի մեջ ամենաերիտասարդն էր:

Մենք միասին սովորել էինք Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում: Ես այդ դպրոցին միացել էի 9-10-րդ դասարանում միայն, սակայն դասարանցի լինելուց բացի Մարտոյի հետ նաև ֆուտբոլ էի խաղում տարիներ: 1991-ի մայիսյան այդ օրը ես միացել էի բազմաթիվ մարդկանց, որոնք եկել էին վերջին հրաժեշտը տալու Նոյեմբերյանի ոստիկանության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին: Նրանց դարանակալել էին խորհրդային բանակի զորքերը Ոսկեպար գյուղի անտառում:

Հայ-ադրբեջանական պատերազմը այս կողմերում ավելի վաղ էր սկսվել, սակայն Ոսկեպարի դեպքերը ամենամեծ շոկն էր: Դա հավանաբար խորհրդային բանակի վերջին, բայց ամենաամոթալի գործողություններից էր: Նրանք միացել էին ադրբեջանական զինուժին և տխրահռչակ Օղակ գործողությունն էին իրականացնում Արցախում ու հարակից տարածքներում, ինչպես նաև՝ Նոյեմբերյանի շրջանում: Մարտոն խորհրդային պատժիչ բանակի վերջին զոհերից էր՝ 20 տարեկան:

Ես հիմա լավ չեմ հիշում, թե երբ զոհվեց մեր մյուս համադասարանցին՝ Վահան Զալինյանը: Դա պիտի որ լիներ 1990 կամ 1991 թվականը: Այս անգամ ադրբեջանցիները ուղիղ կրակահերթով խոցել էին նրա ավտոմեքենան՝ Ղազախի Մազամ և Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի միջև տարածքում՝ ավտոճանապարհին: Այդ ճանապարհին տասնյակ մարդիկ են սպանվել, վիրավորվել կամ պատանադառվել 1990-ական թվականներին: Այսօր այդ ճանապարհը այլևս չի գործածվում, իսկ Կիրանցից Բաղանիս հասնելու համար օգտագործվում է 2003-ին Քըրք Քրքորյանի նվիրատվությամբ կառուցված, շրջանցիկ, ոլորապտույտ 8 կիլոմետրանոց անտառային ուղին, որի գագաթից սքանչելի տեսարան է բացվում դեպի Բերքաբերի ջրամաբար: 

Վահանը թեև բարձրահասակ էր ու ամրակազմ, սակայն դիմագծերը երեխայի էին: Նրա դեմքին բազմաթիվ հետքեր կային, կարծես ականի պայթյունն էր խոցել ավտոմեքենան: Վահանը և Մարտոն այսօր կլինեն 50 տարեկան:

Հիմա գուցե շատ քչերն են հիշում, բայց պատերազմը առաջինը սկսել է հենց Տավուշում, 1990 թվականի ամռանը: Եթե կուզեք, այն սկսվել է հայկական Բաղանիս և ադրբեջանական Բաղանիս-Այրում և Ներքին Ակսիպարա գյուղերի հատվածում: Իջևան-Նոյեմբերյան մայրուղին անցնում է այս հատվածով: Ադրբեջանցիները այդ հատվածում 1989-1990 թվականներին կանգնեցնում էին հայկական ավտոմեքենաները և պատանդներ տանում: Հարազատ մորաքրոջս տղան պատանդ վերցվեց Բերքաբերի ջրամբարի պոմպակայան տանող ճանապարհին, որտեղ աշխատում էր: Այս տարի լրացավ նրա անհետանալու 30 տարին, ու մինչև օրս՝ ոչ մի լուր:

2020-ի հուլիսի 12-15-ին, երբ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերդ-Թովուզ հատվածում, լրագրողները, փորձագետները, վերլուծաբաններն ու քաղաքագետները փորձում էին բացատրել, թե ինչու է իրավիճակը այդքան լարվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով:

Իրականության մեջ, 1990-1994 թվականներին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի 300 կիլոմետրանոց հատվածում պատերազմը եղել է այնպիսին, ինչպիսին էր Արցախում և հարակից տարածքներում: Գնդակոծվում էին Նոյեմբերյան և Բերդ քաղաքները, սահմանի այդ հատվածի երկայնքով տեղաբաշխված հայկական 20-22 գյուղեր պատերազմական իրավիճակում էին:

Պատշաճ կերպով չգրված կամ արդեն մոռացված բազմաթիվ ողբերգական պատմություններ կան: 1992-ի դեկտեմբերի վերջին օրերին ադրբեջանական զինուժը օգտագործեց Գրադ կայանքները: Մեկ օրում Նոյեմբերյան քաղաքում զոհվեցին, եթե չեմ սխալվում, 6 քաղաքացիական անձինք: 1992-ին ադրբեջանցիները Ջաֆառլու գյուղից շատ վատ կազմակերպված գրոհ ձեռնարկեցին Իջևանի Վազաշեն գյուղի ուղղությամբ՝ թողնելով տասնյակ դիակներ: Այդ դիակները լցվեցին Բելառուս մակնիշի տրակտորի թափքի մեջ և հանձնվեցին հակառակորդին:

Պետերազմի տարիներին և զինադադարից հետո Տավուշի հատվածում սպանվել, վիրավորվել կամ պատանդառվել են տասնյակ քաղաքացիական անձինք: Իմ հարազատ հորաքրոջս որդուն ադրբեջանցիները սպանել են մեր՝ Դովեղ գյուղի խաղողի այգիներում՝ զինադադարից հետո: Ադրբեջանցիները վաղ առավոտյան դարանակալել էին, նախ ավտոմատի կոթով հարվածել գլխին՝ թիկունքից, ապա կտրել կոկորդը:

Հիմա այս պատմությունները ես հիշեցնում եմ ոչ թե ադրբեջանցիների, այլ պատերազմի անմարդկային դեմքը ցույց տալու համար: Պատերազմում, ինչպես կյանքում, չկան լավ ու վատ, գթասիրտ ու անգութ ազգեր, կան հաղթողներ ու պարտվողներ: Եվ այս պատմությունները, որ ժամանակ առ ժամանակ գալիս են հիշողությանս մեջ ու թարմացվում են ամեն լարվածության շրջանում, ես պատմում եմ, որպեսզի հասկանալի լինի, որ  մի քանի շաբաթ առաջ Տավուշում տեղի ունեցածը նորություն չէ և ոչ էլ՝ աննախադեպ, ինչպես փորձում են ներկայացնել:

1990-1994 թվականներին այստեղ պատերազմ էր, 1994-ից ի վեր՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, ավելի ճիշտ՝ և՛ պատերազմ, և՛ խաղաղություն: Արժե նաև հիշել, որ 2014-2015 թվականների ամռանը այստեղ չափազանց անհանգիստ էր, անդադար դիվերսիաներ էին ու զոհեր:

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը տարբերվում է ՀՀ-Նախիջևան, Գեղարքունիքի մարզի և Գետաբեկ-Դաշքեսանի, ինչպես նաև՝ Արցախ-Ադրբեջան շփման գծից/սահմաններից:

Այստեղ՝ Տավուշում, 20-ից ավելի գյուղեր հայկական կողմից, ինչպես նաև մեկ տասնյակ գյուղեր Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի ու Թովուզի շրջաններից, արդեն 30 տարի գտնվում են ուղիղ նշանառության տակ: 1994-ի մայիսյան զինադադարից հետո այստեղ մարդիկ՝ քաղաքացիական անձինք, շատ ավելի ծանր գին են վճարում, քան Հայաստանի մյուս շրջաններում: Ու քանի որ այդ մարդիկ թանկ գին են վճարում ու լուռ պատրաստ են վճարել նաև հետագայում, Հայաստանի պետությունն ու համայն հայությունը պետք է Տավուշի սահմանամերձ գյուղերն ու մարդկանց պահեն հատուկ ուշադրության տակ:

Թաթուլ Հակոբյան