Բերդ-Ճամբարակ ճանապարհը 2021-ին կասֆալտապատվի

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի մեկնաբանության մեջ գրել է, որ «այս տարի նախատեսված է Բերդ-Ճամբարակ ճանապարհի նախագծումը, եկող տարի՝ ասֆալտապատումը»:

Մարզպետը իր մեկնաբանությունը թողել է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքի էջում, որն այսօր առավոտյան լուսանկար էր հրապարակել Բերդ-Ճամբարակ ճանապարհից և գրել. «Այս ճանապարհը վատ վիճակում չէ, Ջիփի համար իդեալական է, ես գրեթե միշտ այստեղով եմ գնում Տավուշ:

Ասֆալտ անել է պետք, և սա կլինի ոչ միայն կարևոր ռազմավարական քայլ, այլ այս ճանապարհը կդառնա Հայաստանի ամենագեղեցիկ տուրիստական ուղին:

Այո, ռազմավարական մտածողություն է պետք՝ գիտակցելու պարզ ճշմարտությունը, այն է՝ այս ճանապարհը պետք է ասֆալտապատել: Երևանից մինչև Բերդ այստեղով 165 կմ է»:

Ավելի վաղ ՍիվիլՆեթը այդ ճանապարհի մասին հոդված և ֆոտոշարք էր հրապարակել։

Տե՛ս՝ Բերդ-Ճամբարակ կարևոր ճանապարհը պետք է կարգի բերել