ՀԲԸՄ-ն առաջարկություններ է ներկայացրել հանրակրթության չափորոշիչների մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ ուշադրությամբ հետևում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։ 

«Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար»,- գրված է հայտարարությունում։

«Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումներ շուրջ: Այս երևույթն առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու  վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար»:  

ՀԲԸՄ-ի ներկայացրած ամբողջական առաջարկությունները՝ այստեղ։