Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը. այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:

ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018-ին Հանրապետության նախագահի կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։ Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ Հանրապետության նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: 

Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:

Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:

Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ Նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:

Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»,- ասված է հաղորդագրությունում: