Քննչական կոմիտեն կքննի Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»,- գրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականի հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

2020 թվականի մայիսի 27-ին Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարարել էր հետախուզում։ Ավելի ուշ, հուլիսի 30-ին Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի է։

Ռուսաստանի Դաշնության սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում: