Ինչպես ապահովել արագ զարգացում ՏՏ ոլորտում․ EU4Digital-ը կարևորում է կանանց մասնակցությունը

Հայաստանում ՏՏ ոլորտը ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է։ Վերջին տարիներին ՏՏ ոլորտում զարգացումն էական է։ 2018-ին ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում ու ինտերնետ ծառայությունների պրովայդերների մոտ գոյացած եկամուտների մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում հասել է 7,4%-ի (12,4 մլրդ ԱՄՆ դոլար), այն դեպքում, երբ 2013-ին այս ցուցանիշը եղել է 10,4 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 3,6%-ը։ 

EU4Digital նախաձեռնությունը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ` զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը։

Թեև ՏՀՏ ոլորտը բուռն աճում է Հայաստանում, սակայն այնտեղ գերակշռում են տղամարդիկ․ 2018-ին Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 19 522 աշխատող, ինչը 2017-ի համեմատ 27%-ով ավելի է։ Սակայն ոլորտում ներգրավված մասնագետների մեծամասնությունը՝ 68%, տղամարդիկ են, 2013-ին այս ցուցանիշը եղել է 69%: Այս տվյալները Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ 2018թ․ Հայաստանի ՏՀՏ ոլորտի հետազոտության հաշվետվությունից են։ Այս ցցուն անհավասարությունը խոսում է ոլորտում չիրացված ներուժի մասին։

Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի ՏՏ օրակարգին

Որպես տնտեսության ամենաարդյունավետ շարժիչներից մեկը՝ Հայաստանի գնալով ավելի մեծ նշանակություն ունեցող ՏՏ օրակարգը մեծ աջակցություն է ստանում Եվրամիությունից:

Թվային շուկաների ներդաշնակեցումը ԵՄ-ի հիմնական թիրախային արդյունքներից է` Արևելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիների համար: Այս ոլորտում ԵՄ-ի աջակցությունն ուղղորդվում է «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնության միջոցով, որը համախմբում է ոլորտի առաջնահերթ գործողություններն ու ծրագրերը:

EU4Digital-ի առանցքային թեմատիկ ոլորտներից մեկը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) նարարարությունն է, բարեփոխումներին և գործողություններին աջակցությունը, ինչը կնպաստելի տարածաշրջանում ՏՀՏ հետազոտությունների, ստարտափերի և նորարարական էկոհամակարգերի զարգացմանը` ելնելով ԵՄ լավագույն փորձից:

Կանանց ներգրավումը ՏՀՏ ոլորտում Հայաստանում դանդաղ, բայց աճում է։

Աննա Պոբոլը, որը EU4Digital ՏՀՏ նորարարության գծով փորձագետ է, ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչու է կարևոր կանանց ներգրավվածության աճը ոլորտում։

«Տնտեսության/ՏՀՏ ոլորտում կանանց մասնակցության ընդլայնումն ունի ներուժ տնտեսության հետագա խթանման համար՝ ոչ միայն կանանց որպես աշխատուժ պարզ ավելացման հաշվին (նրանց աշխատանքի ճանապարհին խոչընդոտների նվազեցման հաշվին), այլ նաև որովհետև կանայք նոր հմտություններ են բերում աշխատավայր, ինչը հանգեցնում է արտադրողականության և աճի բարձրացմանը»,- ասում է Պոբոլը:

Պոբոլը վկայաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակիցների վերջին ուսումնասիրությունը, որը հիմնված է մակրոտնտեսական, ոլորտային և կորպորատիվ մակարդակների տվյալների վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք և տղամարդիկ չեն փոխարինում, այլ լրացնում են միմյանց արտադրական գործընթացում՝ լրացուցիչ օգուտներ ստեղծելով աճի գործընթացում կանանց զբաղվածության ավելացման համար: Այլ կերպ ասած, կանանց աճը աշխատուժի մեջ սովորաբար բերում է ավելի շատ տնտեսական օգուտներ, քան այն դեպքում, երբ նույն թվաքանակով ավելանում է տղամարդ աշխատողների թիվը։ 

Բայց տարածաշրջանի կանայք բախվում են հատուկ մարտահրավերների: «Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանում կանանց և տղամարդկանց միջև պարտականությունների բաշխումը նախկինի պես անհավասար է ԵՄ երկրների համեմատ։ Բացի աշխատանքային ժամերից (հաճախ արտաժամյա), կանայք ավելի շատ ժամանակ են հատկացնում տնային տնտեսություն վարելու համար, նաև պատասխանատու են երեխաների խնամքի և սննդի համար»,- ասում է Պոբոլը։

Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում կանանց աջակցության հատուկ ծրագրերի մշակման հրամայականը ՏՀՏ նորարարությունների ոլորտում նրանց մասնակցության ընդլայնումն է։

EU4Digital ծրագրի մասնագետը նշում է, որ ՏՀՏ-ի նորարարությունների ասպարեզում կանանց մասնակցությունն ընդլայնելու համար պետք է իրականացնել հետևյալը․

–  ՏՀՏ նորարարությունների հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացում;

–  թվային հմտությունների և կրթության խթանում;

– բազմաբնույթ տարբերակների արագացված փորձարկում (քանի որ կանայք ավելի քիչ ժամանակ ունեն, քան տղամարդիկ ընտանեկան պարտականությունների ավելի մեծ բեռի պատճառով);

– աջակցություն և ուղղորդում այն կանանց, ովքեր որոշել են սկսել իրենց սեփական բիզնեսը։

Աշխատանքի արտադրողականության բարձրացումը մեծապես կախված է նաև ժամանակի ընթացքում կանանց ներգրավվածության աճի հետ։ Eu4digital ծրագիրը ձգտում է կանանց ներգրավել իր բոլոր ընթացիկ միջոցառումներին և հատուկ մոտեցում է ցուցաբերում ցանցերի ստեղծման և կանանց ուսուցման կարիքների բավարարման համար:

Հաջողված փորձի օրինակ է Մոլդովայում մեկնարկած նոր նախաձեռնությունը, որը խրախուսում է կանանց կարիերան շարունակել այս ոլորտում։

Մոլդովայում EU4Digital-ի շրջանակում իրականացվում է «Տեխնոլոգիաների ոլորտի կին դեսպանների» (Tech Women Ambassadors) ծրագիրը։ Այն նախատեսված է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների միջև գիտելիքների և փորձի փոխանակման, ընդլայնման և հեշտացման, ինչպես նաև այս ոլորտում կարիերա անել ցանկացող կանանց և աղջիկներին ոգեշնչելու և խրախուսելու  համար:

Ծրագիրը ներառում է ոչ ֆորմալ ամսական միջոցառումներ, կոնֆերանսներ, սոցիալական հանդիպումներ, մասնագիտական կողմնորոշում, մասնագիտական ուղղորդում, փորձի փոխանակում և այլ հանդիպումներ, որոնք բաց են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել ՏՏ-ի մասնագիտական հնարավորությունները:

Վրաստանում էլ, օրինակ, EU4Digital նախաձեռնությունը հատուկ կարևորություն է տալիս ֆինանսական ռեսուրսներին կանանց հասանելիության խնդրին։

Շատ դեպքերում կինը, երբ ցանկանում է վարկ վերցնել բիզնես բացելու համար, չի տիրապետում որևէ գույքը, որ գրավ դնի, ինչը նվազեցնում է ֆինանսավորում ստանալու նրա հնարավորությունները։

Պատահական չէ, որ Եվրոպական միության EU4Digital նախաձեռնությունը կենտրոնացած է թվային նորարարական ընկերությունների ֆինանսավորման հասանելիության վրա։ Հիմնվելով ԵՄ-ի լավագույն փորձի վրա՝ EU4Digital-ը մշակել է մի շարք առաջարկություններ, որոնք սահմանում են ԵՄ-ի գործիքները, հարթակները և պրակտիկաները, դրանց տեղափոխումը Վրաստան, ինչը կբավարարի ինչպես սկսնակ, այնպես էլ թվային նորարարությունների ոլորտի ՓՄՁ-ների ֆինանսական կարիքները։

Հայաստանյան իրականություն

Հայաստանում վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել ՏՀՏ ոլորտում գենդերային հարաբերակցության խնդրին։ «Այս առումով, Հայաստանը բավականին ուշագրավ ցուցանիշ ունի՝ ՏՀՏ ոլորտում ավելի քան 35% իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածություն, ինչը շատ բարձր ցուցանիշ է համաշխարհային մակարդակով»,- ասում է Ժենյա Ազիզյանը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Ծրագրերի ղեկավարը։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որի կենտրոնը Երևանում է։

«Մենք իրականացնում ենք բազմակողմ ծրագրեր՝ միտված ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը։ Մասնավորապես՝ կրթական և բիզնես ուղղվածության։ Եվ այս ծրագրերում թիրախավորում ենք հանրության շատ տարբեր շերտերի ներգրավվածությունը։ Իսկ վերջին տարիների մեր մի քանի ծրագրեր ուղղված են հատկապես կանանց ներգրավվածությունը խթանելուն։ Ընդ որում՝ ոչ միայն ուղիղ ՏՏ ոլորտում, այլև տեխնոլոգիական և նորարակրական լուծումների կիրառմամբ՝ այլ ոլորտներում գործունեություն ծավալելուն և դրա շնորհիվ՝ մրցունակության բարձրացմանը»,- ասում է Ազիզյանը։

Նրա խոսքով՝  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի անձնակազմի բովանդակային թիմի ավելի քան 70%-ը կանայք և աղջիկներ են, ընդ որում՝ նաև մարզային կենտրոններում․ «Այս հարաբերակցությունը գրեթե միշտ էլ նույնն է եղել (ոչ պակաս քան 50%), պարզապես տարիների ընթացքում՝ թիմի ընդհանուր թվի մոտ 10 անգամ աճին զուգընթաց, համամասնորեն ավելացել է նաև իգական սեռի աշխատակիցների թիվը»։

Ազիզյանը ՏՏ ոլորտ է եկել, ինչպես ինքն է ասում, քանի որ «գենետիկ մաթեմատիկոսի» համար դա երևի բնական էր։ Սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, որտեղ գերակշռում էին տղաները։

«Հնարավոր է, որ այլ հոգեկերտվածքի կնոջ համար իսկապես դժվար լիներ լիովին ընկղմվել մի ոլորտի զարգացման գործընթացում, որտեղ սկզբում, առնվազն՝ կառավարիչների շարքերում, բացառապես տղամարդիկ էին։ Բայց ես նման բարդույթներ երբեք չունեցա։ Եղել եմ միշտ հավասար և ընկերական հարաբերությունների մեջ։ Միգուցե ոլորտի և դրանում ներգրավված համայնքի տեսակն ու մտածողությունն էլ է առանձնահատուկ, ինչը նույնպես նպաստել է հարաբերությունների նման ընթացքին»,- ասում է Ազիզյանը։

Հաղթահարելով կարծրատիպերը

Մասնագիտությամբ տնտեսագետ Եվա Հյուսյանը, որ ՏՏ ոլորտում տարիների փորձ ունի, մինչդեռ, նշում է, որ Հայաստանում կան կարծրատիպեր այս ոլորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ։ Իրավիճակը, սակայն, փոխվում է։ 10-15 տարի առաջ ընդունված չէր, որ որոշակի գործունեությունների մեջ կարող են լինել նաև կանայք:

2013-ին Հյուսյանը հիմնադրել է Solo Learn ընկերությունը, որը բջջային հավելվածների միջոցով ՏՏ կրթություն է ապահովում։ Ասում է՝ սկզբում շատ աննորմալ գաղափար էր, չկային պատկերացումներ, թե ինչպես կարելի է բջջայինով ծրագրավորում սովորել։ Ի վերջո, Հյուսյանի հիմնադրած ընկերությունը հաջողում է։

Նա հիշում է, որ փոխվում է նաև վերաբերմունքը կանանց նկատմամբ։  

«Երբ ես Microsoft-ի հայաստանյան ինովացիոն կենտրոնում էի աշխատում, կառավարության հետ շատ ակտիվ համագործակցության փուլի մեջ էինք: Շատ հետաքրքիր էր վերաբերմունքը, երբ տղամարդկային կառավարական օղակների մեջ ես մտնում: Ես շատ հաճախ նկատում էի, որ նրանք չգիտեն՝ ինչպես վարվել կանանց հետ, այսինքն՝ ոչ թե քեզ վատ են վերաբերվում, այլ պարզապես նրանց համար անսպասելի է, որ իրենց հետ բանակցողը տղամարդ չէ»,- ասում է Հյուսյանը։

Իգական սեռի ներկայացուցիչների պակասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ըստ նրա, պայմանավորված է հանգամանքով, որ բազում տարիներ եղել է կարծրատիպային մտածողություն կանանց ու տղամարդկանց համապատասխան մասնագիտությունների մասին, ոլորտներ են եղել, որտեղ աշխատել են բացառապես տղամարդիկ, ու եղել են ոլորտներ, որտեղ, ընդհակառակը, աշխատել են կանայք:

«Շատերը մտածում են, որ եթե դու կին ես, ապա չես կարող լավ ծրագարվորող լինել: Բայց կարծում եմ, որ վերջին մի քանի տարվա մեջ այդ մտայնությունը շատ արագ փոխվում է,- ասում է Հյուսյանը և հավելում։- Այո՛, ոլորտում տղաները շատ են, բայց աղջիկներն էլ են շատ, քանի որ կրթվում են բոլոր հնարավորություններով: Նախկինում, օրինակ, աղջիկներին այս ոլորտում աշխատանքի էին վերցնում զուտ միայն նրա համար, որ աղջիկ էին»: 

Հյուսյանի խոսքով՝ այսօր աշխարհում աղջիկները ուղղորդված չեն ամուսնանալու, երեխա ունենալու ու դրանով բավարարվելու։ Դա երբեք չպետք է լինի կյանքի միակ նպատակը, եթե իհարկե դա մարդու անձնական ընտրությունը չէ:

Նախկինում ենթադրվում էր, որ աղջիկներն ամուսնանալու են, երեխաներ ունենան և դրանով բավարարվեն։ Բայց Հյուսյանն ասում է, որ աշխարհը փոխվում է. «Դա երբեք չպետք է լինի կյանքի միակ նպատակը, եթե իհարկե դա նրանց անձնական ընտրությունը չէ»: Աղջիկներն ավելի ու ավելի են կարողանում արտահայտվել և դրսևորել իրենց գաղափարները ՝ առանց մերժում ստանալու վախի: Միանալով թվային հեղափոխությանը՝ կանայք ոչ միայն հասնում են ավելի մեծ հավասարության, այլև իրենց տաղանդների ներդրման շնորհիվ նպաստում են ոչ միայն ոլորտի,  այլև ամբողջ երկրի զարգացմանը։ 

․․․

EU4Digital-ը նպատակ ունի ընդլայնել Եվրամիության թվային միասնական շուկայի առավելությունները/օգուտները Արևելյան գործընկերության պետություններին ՝ ուղղելով ԵՄ աջակցությունը թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացմանը, տնտեսական աճին, ավելի մեծաքանակ աշխատատեղեր ստեղծելուն, մարդկանց կյանքը բարելավելուն և բիզնեսին աջակցելուն Հայաստանում և Արևելյան գործընկերության մյուս երկրներում ՝ Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում:

EU4Digital-ի մասին ավելին 

 Read the article in English