Ով և ինչպես է աջակցում Բեյրութի հայ համայնքին

Հայաստանի կառավարությունը, սփյուռքի և հայաստանյան գործարարներ աջակցության ձեռք են մեկնում Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունից տուժած և ծանր վիճակում գտնվող հայ համայնքին: Լիբանանում քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու առողջապահական ճգնաժամերից տուժած հայ համայնքի վիճակը էլ ավելի է ծանրացել պայթյունի հետևանքով:

Օգոստոսի 5-ի դրությամբ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, պայթյունի հետևանքով 11 հայ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: Այս թվերը վերջնական չեն և կարող են աճել, քանի որ շատ են անհայտ կորածները:

Ընդհանուր առմաբ, Լիբանանում աղետալի իրավիճակ է: Նավահանգստում պայթյունի հետևանքով արդեն 137 մարդ է զոհվել։ Տուժածների թիվը հասել է 5 000-ի: Ակնկալվում է զոհվածների թվի հետագա աճ, քանի որ փրկարարները շարունակում են քանդել փլատակները՝ մարդկանց գտնելու համար: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ մինչև 300 հազար մարդ անտուն է մնացել: Հասցված վնասի մասշտաբները գնահատվում են 3-5 մլրդ դոլար:

Հայաստանի կառավարությունը, բարեգործական կազմակերպությունները, գործարար ու քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սփյուռքից, աջակցության ձեռք են մեկնում Բեյրութի հայերին: Նշվում է նաև հայրենադարձվել ցանկացողներին Հայաստան վերադարձի հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

Հայ համյանքի կարիքները՝ այս պահին

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ այժմ Բեյրութի հայ համայնքում առկա են մի շարք խնդիրներ, որոնք շատ արագ լուծման կարիք ունեն:

«Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն»,- ասված է Սինանյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա Ֆեյսբուքի էջում:

Նրա խոսքով՝ այդ կարիքնների գնահատումը կատարվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ սերտ համագործակցությամբ:

Համայնքային ներկայացուցիչները, նշում է նա, երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: «Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ»,- նկատում է Սինանյանը:

Սինանյանը կապ է հաստատել նաև Արամ Ա կաթողիկոսի հետ և քննարկել Լիբանանում և հայ համայնքի շրջանում ընդհանուր իրավիճակը, խոսել զոհերի և վիրավորների մասին: «Այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելու ուղղությամբ, որը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ եմ համակարգային ձևով աշխատելու համար: Կարիքների հիման վրա մեր գրասենյակի կողմից կատարված վերլուծությամբ՝ կառաջարկվեն աջակցության ընթացիկ ուղիներ: Վարչապետի և այլ գերատեղչությունների հետ քննարկում ենք ՀՀ հետագա քայլերի ողջ համալիրը»,- նշում է նա:

Ով և ինչպես է պատրաստ աջակցել բեյրութահայերին

Մինչ Լիբանանի հայ համայնքում տեղի է ունենում կարիքների գնահատում, պայթյունից տուժած հայերին և հայկական եկեղեցուն աջակցություն ցուցաբերելու մասին հայտարարություններ են արվում:

Հայաստանի կառավարությունը «թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով»,- նշել է նա:

Նույն չվերթով Լիբանան կմեկնի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին:

Բեյրութի հայ համայնքին հասցեական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատուկ հաշվեհամար է բացվել ՀՀ կենտրոնական բանկում և դրամահավաք սկսվել «Հայաստան» համայակական հիմնադրամի կայքում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ և պատրաստակամություն հայտնել 100-150 ընտանիք ընդունել Արցախում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Արցախի նաագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Բեյրութի հայերին աջակցություն տրամադրելու մասին են հայտարարել գործարարներ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն:

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Բացի այդ, հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին:

Լիբանանի հայ համայնքին աջակցություն ցուցաբերելու կոչ է արել նաև ՀՅԴ բյուրոն: «Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր կառույցները, ինչպես նաև մեր ուղեկից միությունները` ՀՕՄ-ը, Համազգայինը, ՀՄԸՄ-ն իրենց ամբողջ ներուժն արդեն իսկ զորաշարժի են ենթարկել՝ Լիբանանի հայության օժանդակելու համար»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Լիբանանահայերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը: