Չի կարող լինել վերադարձ անցյալին․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ նախկին նախագահը կարճ պատասխանում է որոշ հարցերի։ ՍիվիլՆեթը սղագրել է տեսանյութի հարցուպատասխանները։

Ինչո՞ւ որոշեցիք այժմ և այս ձևաչափով զրույց սկսել։

Բարի օր, հայրենակիցնե՛ր։ Ես խոստացել եմ, որ հենց ավարտվի արտակարգ դրությունը, ես կհրավիրեմ մամուլի ասուլիս և շիտակ ու անկեղծ կպատասխանեմ Ապրիլյան պատերազմին վերաբերող բոլոր հարցերին։ Այնուհետև տեղում կորոշենք, թե որը կլինի հաջորդ ասուլիսի թեման՝ Լեռնային Ղարաբաղի գործընթաց, 2018-ի ապրիլյան իրադարձություններ կամ որևէ այլ թեմա, որը կհետաքրքրի մեև քաղաքացիներին, մեր ժողովրդին։

Ինչո՞ւ չեք հրավիրում ձեր խոստացած մամուլի ասուլիսը։

Ես ափսոսում եմ, որ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք՝ արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարելու խոստումս։ Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել։

Արդյո՞ք սա նշանակում է, որ դուք պայքարում եք անցյալը ետ բերելու համար։

Միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի։ Չի կարող Հայաստանի Հանրապետության պատմությունը՝ նորանկախ Հայաստանի պատմությունը, սկսվել 2018-ի ապրիլից։

Ուժի մե՞ջ է արդյոք Ձեր խոստացած ասուլիսը։

Ես որոշեցի ինչ-որ չափով կատարել իմ խոստումը և պատասխանել վերջին երկու տարիներին ավելի հաճախ հնչող հարցերին այս ձևաչափով։ Առաջին իսկ հնարավորության դեպքում, որովհետև ես էլ եմ դրան անհամբեր սպասում, մենք կկազմակերպենք այդ ասուլիսը։

Իսկ ի՞նչ անել հիմա։

Մենք շատ բան ունենք անելու։ Առանց հուսահատվելու անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին ու անհատներին ու շարժվել առաջ։

Սաթենիկ Հակոբյան