Հետաքրքիր զարգացումներ արժեթղթերի շուկայում․ ամենաբարձր շահութաբերությամբ ընկերությունները

Ներդրումներ կատարելու համար ամենաշահութաբեր ընկերությունները հեռահաղորդակցության, ծխախոտի արտադրության և տվյալների  պահպանման ոլորտների առաջատարներն են: 

Ներդրումային որոշումների կարևորությունը 

Վերջին տարիներին արժեթղթերի շուկայում նշանակալի տատանումներ են գրանցվում բազմաթիվ մակրոտնտեսական գործոնների ազդեցությամբ, որոնց թվում են երկարատև «առևտրային պատերազմը» և COVID-19 համավարակը: Նման պայմաններում առավել կարևոր է կշռադատված ներդրումային որոշումների կայացումը․ ներդրողները գործադրում են բոլոր ջանքերը՝ ձեռք բերելու այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնք կայուն եկամուտ կապահովեն տնտեսական տատանումների պայմաններում։ 

Ներդրողների համար առավել գրավիչ ընկերությունները տարբերակելու մի քանի չափանիշ կա։ Դրանցից առաջինը ընկերության՝ շուկայում իրենց զբաղեցրած մասնաբաժինը պահպանելու կարողությունն է կամ այլ կերպ ասած՝ կայուն մրցակցային առավելություններ ունենալը։  Հաջորդ կարևոր հատկանիշը ընկերության կողմից վճարվող շահաբաժինների կայունությունն է, ինչպես նաև ժամանակի ընթացքում վճարվող շահաբաժինների չափի աճը։ Եվ վերջապես, ներդրողներին հետաքրքրելու համար ընկերությունը պետք է ապահովի ավելի բարձր շահութաբերություն, քան ամերիկյան հայտնի S&P 500 ինդեքսի միջին շահութաբերությունն է ՝ 1.9%։ 

Հետևելով վերջին չափանիշին՝ առանձնացրել ենք երեք ընկերություններ, որոնց բաժնետոմսերն ապահովում են առնվազն 5%  եկամտաբերություն։ Այդ ընկերություններն են հեռահաղորդակցության ոլորտում գործող  «AT&T» կորպորացիան, ծխախոտային ոլորտի հսկա «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերությունը և կոշտ սկավառակներ արտադրող «Seagate» ընկերությունը։

«AT&T», «շահաբաժնային ազնվականը» 

«AT&T»-ն 36 տարի անընմեջ բարձրացնում է իր կողմից վճարվող շահաբաժինների չափը՝ դասվելով «շահաբաժնային ազնվականների» շարքին։ Մասնագետներն այսպես են կոչում S&P 500 ինդեքսում ներառված այն ընկերություններին, որոնք բարձրացրել են վճարվող շահաբաժինների չափը առնվազն 25 տարի անընդմեջ։ 

Ընկերության կողմից շահաբաժինների վճարման դրույքը 6.8% է՝ ռեկորդային թիվ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների համար։ Ավելին, վերջին 12 ամիսների ընթացքում ընկերությունը շահաբաժինների բաշխմանն է ուղղել իր ազատ դրամական հոսքերի ընդամենը 55%։ Այս տարի «AT&T» ընկերության արժեթղթրի գինը նվազել է ավելի քան  20%-ով՝ համավարակի ընթացքում բաժանորդների քանակի կրճատման, ինչպես նաև այլ ընկերությունների հետ միավորման արդյունքում։ Կարևոր գործոն է նաև մի քանի խոշոր միավորներ ձեռք բերելու  արդյունքում ընկերության կուտակած պարտքը։ 

Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում ընկերության բաժնետոմսերի գների աճ է սպասվում․ աճին նպաստող գործոններն են նոր արտադրատեսակների և նոր մեդիա-պրոդուկտների թողարկումը, ինչպես նաև ոչ գործառնական ակտիվների վաճառքը։ Ներկայումս ընկերության եկամտաբերության բարձր գործակիցը և գին/շահույթ գործակցի ցածր մակարդակը ազդարարում են այն, որ ներդրումային որոշում կայացնելիս պետք է միանշանակ դիտարկել «AT&T»-ի արժեթղթերի ձեռքբերումը։ 

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ»` ծխախոտի արտադրության համաշխարհային հսկան

2008-ին ծխախոտի արտադրության ոլորտի համաշխարհային առաջատար  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ»-ը առանձնացավ իր հիմնադիր «Altria» կորպորացիայից։ Սկսած այդ տարվանից՝ ընկերությունը յուրաքանչյուր տարի մեծացնում է վճարվող շահաբաժինների չափը։ Ընկերության կողմից շահաբաժինների վճարման դրույքը 6.5% է, իսկ նախորդող օրացուցային տարվա ընթացքում շահաբաժինների վճարմանը հատկացված դրամական միջոցները կազմում են ընկերության ազատ դրամական հոսքերի 78%։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ»-ն իր շահույթը գոյացնում է միջազգային շուկայում՝ գործունեություն ծավալելով նաև այնպիսի երկրներում, որտեղ սիգարետի օգտագործման մակարդակն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։ Աշխարհում սիգարետի վաճառքի նվազումը բացասաբար է անդրադառնում ընկերության վրա, սակայն ընկերությունը չեզոքացնում է այս բացասական ազդեցությունը երեք առանցքային ռազմավարությունների միջոցով․ գների աճ, ծախսերի կրճատում և ծխախոտի տաքացման համակարգերի վաճառքի աճ։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ»-ի բաժնետոմսերի գինը այս տարի կրճատվել է մոռ 15%-ով, քանզի ներդրողները մտահոգված են սիգարետի վաճառքի նվազմամբ, ինչպես նաև սիգարետի և այլ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի վրա՝  COVID-19-ի երկարատև ազդեցությամբ։ Կա տեսակետ, որ ընկերության արժեթղթերը շահութաբեր երկարաժամկետ ներդրում չեն, քանի որ աշխարհում ծխողների քանակի նվազեցման միտումներ են նկատվում, և հնարավոր չէ անվերջ կիրառել գների բարձրացման  ու ծախսերի կրճատման ռազմավարություննրը։ 

Սակայն  «Ֆիլիպ Մորրիս»-ի առավելությունները մոտակա տարիների ընթացքում վստահաբար կգերազանցեն թույլ կողմերին, իսկ արժեթղթերի բարձր եկամտաբերություննը ու գին/շահույթ գործակցի ցածր մակարդակը կսահմանափակեն աճի տեմպի անկումը։ 

Հարկ է նշել, որ ընկերության հետագա գործունեության զարգացմանը և արժեթղթերի գնի աճին նպաստող առանցքային գործոն է նվազեցված ռիսկով արտադրատեսակների հանդեպ աճող պահանջարկը, ինչպես նաև միջազգային կառույցների և գիտական հանրության կողմից ճանաչումը՝ որպես սիգարետի առավել նախընտրելի այլընտրանք։ 

«Seagate». տեխնոլոգիական առաջատարի արժեթուղթ, որը չարժե անտեսել

«Seagate» ընկերությունը կոշտ սկավառակներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է, որի շահաբաժինների վճարման դրույքը կազմում է  5.5%. Ընկերությունը մեծացրել է վճարվող շահաբաժինների չափը 2015-ին և 2019-ին։ Ընդ որում, նախորդ 12 ամիսների ընթացքում շահաբաժինների վճարումը կազմել է ընկերության ազատ դրամական հոսքերի ընդամենը 59%, ինչը նշանակում է, որ հետագայում շահաբաժինների չափը մեծացնելու բավականին մեծ հնարավորություն կա։ 

Ի տարբերություն իր մրցակիցների, որոնք վաճառում են և՛ կոշտ կրիչներ, և՛ կոշտ սկավառակներ, «Seagate»-ը մասնագիտացել է մեծ հիշողությամբ կոշտ սկավառակների արտադրության և վաճառքի մեջ՝ որպես հաճախորդ թիրախավորելով տվյալների մշակման կենտրոնները և ծախսարդյունավետ ընկերությունները։ 

2019-ին և 2020-ի առաջին կեսին «Seagate»-ը գրանցեց աճի տեմպերի ցիկլային նվազում, սակայն արդեն իսկ 2020-ի երրորդ եռամսյակում արձանագրվեց ընկերության շահույթի աճի դրական ցուցանիշ։ Նման արդյունքին որոշ չափով նպաստել է նաև COVID-19-ի ճգնաժամը, քանզի հեռահար աշխատանքով պայմանավորված աճել է և՛ անձնական օգտագործման համակարգիչների վաճառքը, և՛ տվյալների մշակման կենտրոնների օգտագործումը ամպային հավելվածների և ծառայությունների համար։

«Seagate» ընկերության կայուն աճը, ինչպես նաև գին/շահույթ գործակցի ցածր մակարդակը նշանակում են, որ ընկերության արժեթղթերը ներկայումս թերագնահատված են և անիրավացիորեն անտեսված՝ որպես ներդրումային լավ հնարավորություն։

Աղբյուրը՝ այստեղ