Ինչ է սպասվում Բելառուսում

2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները։ 1994-ից երկրում իշխող Ալեքսանդր Լուկաշենկոյի համար նախագահական ընտրություններն արդեն սովորական են դարձել, և կարող էր թվալ, որ այս անգամ ևս նա առանց լուրջ խոչընդոտների հերթական վստահ հաղթանակը կտանի։ Սակայն այս ընտրություններն էականորեն տարբերվում էին նախորդներից, և դրա հիմնական պատճառը աշխարհաքաղաքականությունն է։

Տե՛ս նաև՝ Բելառուսում նախագահական ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ցույցերով

Բելառուսը Ուկրաինայի հետ հետխորհրդային տարածաշրջանի ամենակարևոր պետություններն են Ռուսաստանի համար։ Դա պայմանավորված է ինչպես պատմական, մշակութային և լեզվական ընդհանրություններով, այնպես էլ Ռուսաստանի եվրոպական հատվածի անվտանգության ապահովման նպատակով բուֆերային գոտի ունենալու անհրաժեշտությամբ։ Ուկրաինայում 2014 թ. տեղի ունեցած «արժանապատվության հեղափոխության» և դրան հաջորդած դեպքերի հետևանքով ռուս-ուկրաինական հարաբերություններն արդեն վեց տարի ունեն թշնամական բնույթ։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է Ռուսաստանի համար Բելառուսի նշանակության ավելացմանը։ Դրանով է պայմանավորված Ռուսաստանի՝ վերջին տարիներին նկատվող ակտիվությունը կյանքի կոչելու դեռ 1999 թ. Ռուսաստանի և Բելառուսի միջև ստորագրված «Միութենական պետության ստեղծման մասին» պայմանագիրը։ 

1994-ից Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի համար Ռուսաստանի հետ ռազմավարական – դաշնակցային հարաբերությունների հաստատումը ևս ձեռնտու էր։ Դա հնարավորություն էր տալիս Ռուսաստանից ստանալ տնտեսական արտոնություններ՝ առաջին հերթին շուկայական գներից էժան գազի և նավթի տեսքով, որը բելառուսական նավթավերամշակող գործարաններում վերածվում էր բենզինի և միջազգային գներով վաճառվում Եվրոպայում։ Միևնույն ժամանակ, երկրի ներսում ընդդիմության նկատմամբ կոշտ քայլերի իրականացումը հանգեցրել էր Արևմուտքում Լուկաշենկոյի՝ որպես «Եվրոպայի վերջին դիկտատորի» կերպարի ձևավորմանը, որի հետ ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը չէին ցանկանում գործընկերային հարաբերություններ ունենալ։ 

Այս հավասարակշռության փոփոխման աաջին քայլը թերևս 2009 թ. Բելառուսի ընդգրկումն էր Արևելյան գործընկերության ծրագրում, սակայն իրադարձություններն սկսեցին ավելի արագ ընթանալ 2014-ից հետո։ Լուկաշենկոն հակված չէր ամբողջությամբ կյանքի կոչել 1999 թ. «Միութենական պետության» համաձայնագիրը՝ քանի որ այն իրեն զրկում էր Բելառուսի տարածքում բացարձակ իշխանությունից։ Չպետք է մոռանալ, որ 1990-ականների երկրորդ կեսին Լուկաշենկոն համաձայնել էր այս գաղափարին Ռուսաստանում տիրող քաոսի և թույլ նախագահ Ելցինի պայմաններում՝ ըստ երևույթին հույսեր ունենալով դառնալ միութենական պետության ղեկավար։ Հասկանալի է, որ նախագահ Պուտինի օրոք նման զարգացումների հավանականությունը զրո էր։

Միևնույն ժամանակ Արևմուտքի կողմից 2014-ից իրականացվող Ռուսաստանի զսպման ռազմավարությունը մեծացնում էր Բելառուսի նշանակությունը նաև ԱՄՆ-ի և Եվրամիության համար։ Եվրոատլանտյան հանրույթը հասկանում էր, որ Արևմուտքի կողմից Լուկաշենկոյի մերժման քաղաքականությունը օբյեկտիովերեն նպաստում էր Բելառուսի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության աճին։ Սրանով էր պայմանավորված 2016 թ. փետրվարին Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մեծ մասի, այդ թվում Լուկաշենկոյի՝ Եվրամիություն այցելության արգելքի չեղարկումը։ Պաշտոնապես պատժամիջոցների չեղարկումը բացատրվում էր Բելառուսի իշխանությունների կողմից 2015 թ. օգոստոսին վեց քաղբանտարկյալների ազատ արձակման որոշմամբ, սակայն բոլորի համար էլ ակնհայտ էր, որ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ապահովման խնդիրներում Բելառուսում էական փոփոխություններ չէին արձանագրվել։ 

Ռուս-բելառուսական հարաբերություններում աստիճանաբար մեծացող լարվածությունը գագաթնակետին հասավ 2019 թ. վերջին, երբ Լուկաշենկոն դեկտեմբերի 7-ին և 20-ին Պուտինի հետ կայացած բանակցությունների ընթացքում  փաստացի մերժեց ընդունել «Միութենական պետության ստեղծման ուղղությամբ Ռուսաստանի մշակած 31 «Ճանապարհային քարտեզները»։ Այս զարգացումների հետևանքով Ռուսաստանը 2020 թ. հունվարից էականորեն կրճատեց Բելառուսին մատակարարվող նավթի քանակը և, չնայած Լուկաշենկոյի հրապարակային դժգոհություններին, մերժեց գազի գնի իջեցման Բելառուսի առաջարկը՝ 2020 թ. համար պահպանելով 127 դոլար 1000 խորանարդ մետրի համար գինը։

Միաժամանակ ակտիվանում էին Բելառուս – ԱՄՆ շփումները։ 2019 թ. սեպտեմբերին կողմերը պայմանավորվեցին լիարժեք վերականգնել երկկողմ դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ փոխանակել։ 2020 թ. փետրվարի 1-ին Բելառուս այցելեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ամբողջությամբ բավարարել Բելառուսի՝ գազի և նավթի պահանջարկը։ Մի քանի ամիս անց՝ 2020 թ. մայիսին, Բելառուսը ստացավ ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը։ 

Հիմնականում ռուսական կողմի ձեռնարկած քայլերի հետևանքով Բելառուսի տնտեսությունը 2020 թ. հունվար – փետրվար ամիսներին համախառն ներքին արդյունքի մոտ 2 տոկոս անկում էր արձանագրել, իսկ նոր կորոնավիրուսի համավարակը էլ ավելի բարդացրեց տնտեսական իրավիճակը։ Տնտեսական դժվարությունները բացասական ազդեցություն ունեցան Լուկաշենկոյի վարկանիշի վրա, որը հիմնականում հենվում է բնակչության մեծ մասի համար կենսամակարդակի նվազագույն պայմաններ ապահովելու պետության կարողության վրա։

Ահա այսպիսի պայմաններում մեկնարկեց 2020 թ. նախագահական ընտրարշավը։ «Գազպրոմ» ընկերության կողմից վերահսկվող «Բելգազպրոմբանկի» շուրջ քսան տարվա ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի թեկնածության առաջադրումը փորձագետների մեծ մասը մեկնաբանեց որպես Ռուսաստանի կողմից ազդեցիկ ռեսուրսներ ունեցող այլընտրանքային թեկնածուի առաջմղման փորձ։ Սակայն հունիսի 18-ին Բաբարիկոն ձերբակալվեց փողերի լվացման և այլ հանցագործությունների մեղադրանքով, իսկ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել թե՛ նրա, թե՛ ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ, Բելառուսի բարձր տեխնոլոգիաների կենտրոնի նախկին տնօրեն Վալերի Ցեպկալոյի թեկնածությունները։

Իշխանությունների այս քայլերը կարծես թե կանխորոշում էին ընտրարշավի համեմատաբար հանգիստ բնույթը, սակայն իրավիճակը կտրուկ լարվեց 2020 թ. հուլիսի 29-ին, երբ Բելառուսում ձերբակալվեցին ռուսական մասնավոր ռազմական ըներությունների անդամ Ռուսաստանի 33 քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, Բելառուս էին եկել նախագահական ընտրությունների ժամանակ իրադրության ապակայունացման նպատակով։ Ռուսական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ նշված քաղաքացիները Բելառուս են ժամանել վերջինիս տարածքով այլ պետություններ մեկնելու (նշվում էին Սուդանի, Վենեսուելայի, Լիբիայի անունները) և այնտեղ նավթային օբյեկտներ պահպանելու նպատակով և պահանջեց ազատ արձակել ձերբակալվածներին։ Իրավիճակին հավելյալ լարվածություն էր հաղորդում այն հանգամանքը, որ ձերբակալվածների մեծ մասը մասնակցել էր Դոնբասում ուկրաինական ուժերի դեմ ընթացած ռազմական գործողություններին, և Ուկրաինան Բելառուսից պաշտոնապես պահանջեց արտահանձնել այդ անձանց։ 

Միևնույն ժամանակ, ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննության արդյունքների համաձայն, այս անձանց ձերբակալությունը ուկրաինական հատուկ ծառայությունների կազմակերած սադրանք էր՝ Ռուսաստան – Բելառուս հարաբերությունները վատթարացնելու նպատակով։

․․․

Դժվար է միանշանակ գնահատակ տալ այս ձերբակալության իրական դրդապատճառներին։ Հնարավոր տարբերակների թվում են Լուկաշենկոյի ցանկությունը՝ ցույց տալ Արևմուտքին, որ միայն ինքը կարող է կանխել Ռուսաստանի կողմից Բելառուսի կլանումը, ուստի Արևմւոտքը չպետք է կոշտ արձագանքի ընտրություններից հետո իրավապահների կոշտ գործողություններին։ Չի կարելի բացառել նաև, որ Ռուսաստանն է շահագրգռված հետընտրական բախումներով, որոնք կհարկադրեն Արևմուտքին հրաժարվել Բելառուսի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացից և կթուլացնեն Լուկաշենկոյի դիրքերը «Միութենական պետության» ստեղծման շուրջ ապագա բանակցությունների ընթացքում։

Օգոստոսի 7-ին Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ Բելառուսի իշխանություններին կոչ անելով օգոստոսի 9-ին ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Նրանք նաև մտահոգություն հայտնեցին այն փաստի կապակցությամբ, որ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովները, ինչպես նաև ԵԱՀԿ Ժողովրդավարան հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հնարավորություն չեն ստացել դիտորդական առաքելություն իրականացնել Բելառուսում։

․․․

Օգոստոսի 9-ի երեկոյան ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո Բելառուսի տարբեր քաղաքներում սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ իշխանությունների հրապարակած նախնական արդյունքների, որոնց համաձայն գործող նախագահը ստացել էր ձայների մոտ 80 տոկոսը։ Դրանք շատ արագ վերաճեցին ոստիկանության զորքերի և հատուկ նշանակության ջոկատների հետ բախումների, որոնց հետևանքով նախնական տվյալներով ձերբակալվել է 213 մարդ, կան չհաստատված տվյալներ մեկ անձի զոհվելու մասին։ Միևնույն ժամանակ ցուցարարները կիրառում էին դեռևս 2000 թ. Սերբիայում, 2003 թ. նոյեմբերին Վրաստանում և 2004 թ. դեկտեմբերին Ուկրաինայում իշխանափոխության հանգեցրած զանգվածային ցույցերի ժամանակ օգտագործված մեթոդներ, այդ թվում՝ ոստիկաններին և հատուկ ջոկատայիններին ծաղիկների նվիրում, վերջիններիս կոչերի ուղղում՝ անցնել ժողովրդի կողմը, և այլն։

Օգոստոսի 10-ի առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 84,23 տոկոսը, Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է 80,23 տոկոս քվե, իսկ նրա հիմնական մրցակից, ձերբակալված բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,9 տոկոս։ Վերջինիս նախընտրական շտաբն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները։

Օգոստոսի 10-ի առավոտյան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Լեհաստանի վարչապետը առաջարկել է Եվրամիության արտահերթ գագաթնաժողով անցկացնել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Ամենայն հավանականությամբ, ընդդիմությանը չի հաջովի փողոցային գործողությունների օգնությամբ հասնել Լուկաշենկոյի հեռացմանը։ Միևնույն ժամանակ, Բելառուս – Արևմուտք հարաբերություններում կնկատվեն լարվածության դրսևորումներ, սակայն քիչ հավանական է տնտեսական և քաղաքական մեծածավալ պատժամիջոցների կիրառումը, քանի որ դա անխուսափելիորեն հանգեցնելու է Բելառուսի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության մեծացանը։ Ամեն դեպքում, Լուկաշենկոյի դիրքերն ընտրություններից հետո թուլացած կլինեն, ինչը կսրի Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Բելառուսում սեփական դիրքերի ուժեղացման նպատակով։ Ինչպես Բելառուսի, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ այլ պետությունների աշխարհաքաղաքական հեռանկարում որոշակիություն կարող է հայտնվել միայն եվրոպական անվտանգության նոր համակարգի վերաբերյալ ԱՄՆ – ԵՄ – Ռուսաստան համաձայնության դեպքում։ Սակայն նման զարգացումների հավանականությունը առնվազն միջնաժամկետ հեռանկարում (3-5 տարի), բավական փոքր է։