Փաստաբանները պնդում են՝ Գագիկ Խաչատրյանի բուժման ՄԻԵԴ պահանջը չի բավարարվել, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը համաձայն չէ

Ավելի քան 11 ամիս անազատության մեջ գտնվող ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԴԵ) պահանջը՝ «ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում»։ Փաստաբանների պնդման հետ համամիտ չէ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

2019թ․ օգոստոսին պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Խաչատրյանը, ըստ վերջինիս փաստաբանական թիմի, «ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար»:

«Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում»,- ասված է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը «ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար»։

«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար»,- ասել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի անդրադարձը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչ Եղիշե Կիրակոսյանը համաձայն չէ Խաչատրյանի փաստաբանական թիմի՝ նախկին նախարարի «անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում» կազմակերպելու պնդումների հետ: «Նախ որոշման մեջ նման հստակ պնդում չկա: Ասվում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է դիտարկել նաև քաղաքացիական հիվանդանոցում նրա բուժման հարցը», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Գագիկ Խաչատրյանի բուժումն ներկայում հնարավոր է կազմակերպել քրեակատարողական հիմնարկի պայմաններում: «Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է ֆիզիոթերապիա անցնել, ՔԿՀ-ի նախաձեռնությամբ հրավիրվել է նաև նրան բուժող բշիշկը, որը որոշակի ռեկոմենդացիաներ է արել: ՔԿՀ-ի շրջանակներում բժշկական սպասարկման կազմակերպման բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնցից նա հրաժարվել է: Նախկինում էլ Խաչատրյանը, երբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում էր բուժում անցնում, նշվում էր, որ նույն բուժումը կարող է ստանալ ՔԿՀ-ի պայմաններում»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Արշալույս Մղդեսյան