Լուկաշենկոյին շտապ շնորհավորելը անարգանք է Հայաստանի քաղաքացու նկատմամբ

Անգլերենում բառ կա՝ integrity: Այն հայերեն ուղիղ թարգմանություն չունի, բայց իմաստը կարելի է բացատրել մի քանի բառով՝ ազնվություն, պարկեշտություն, առաքինություն, հավատարմություն (ինքդ քո նկատմամբ) և այլն։

Հայաստանի վարչապետի շտապ շնորհավորանքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի 26-ամյա կառավարման դեմ դուրս է եկել այդ երկրի քաղաքացին, հակասում է վերևում նշված բառերին։ Այդ շնորհավորանքը անարգանք է Հայաստանի քաղաքացու նկատմամբ, այն քաղաքացու, որին դու «հպարտ» ես անվանում։

Տարիներ ի վեր մեզ՝ հայաստանցիներիս հայտնի իրավիճակը, երբ ընտրություններում իշխանությունը զրո լեգիտիմությամբ գործի էր դնում հրեշավոր բոլոր սխեմաները իր վերարտադրությունն ապահովելու համար, հենց հիմա կրկնվում է Բելառուսում։ Իսկ այն, ինչ հիմա կատարվում է Բելառուսի փողոցում, որոշ մարդկանց մոտ որոշ հիշողություններ պետք է արթնացներ։

Բայց՝ ոչ, քաղաքացու հետ և քաղաքացու օգնությամբ ձևավորված Հայաստանի հեղափոխական կառավարությունը հեռանում է այն արժեքներից, որոնց վանկարկումով եկել է իշխանության։

«Ռեալպոլիտիկի» բացատրություններ պետք չէ տալ։ Եթե դու 2018-ի Թավշյա հեղափոխությունը աշխարհին «ծախում ես» որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների հաղթանակ, որի դիրքերից այսուհետ պետք է (իբր) հանդես գաս, իրավունք չունես այդպիսի շտապողականություն դրսևորել։ Առավելևս, որ քաղաքակիրթ աշխարհը չի շտապում շնորհավորել Եվրոպայի վերջին բռնապետին։

Այնպես չէ, որ շտապ շնորհավորելով կանխեցիր հերթական Պոլոնեզի վաճառքը Բաքվին կամ ինչ-որ ձևով վտանգեցիր քո ազգային շահը։

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը կարող է և պետք է հիմնվի արժեքների ու շահերի համադրության վրա։

Իսկ արժեքներ, թեկուզ մեծ քաղաքականության մեջ, կան։ Պետք է լինեն։