Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ. այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ:

Այդ համատեքստում նրանք անդարադարձել են Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը և Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին:

Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում։