Արտակարգ դրությունը մեղմացվում է․ օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս երեսուն օրով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, կառավարության արտահերթ նիստին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մինչև՝ սեպտեմբերի 11 ժամը 17։00-ը։

Սա արտակարգ դրության հինգերորդ երկարաձգումն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս անգամ կլինեն որոշակի մեղմացումներ:

Արտակարգ դրության նոր կանոններով կվերացվի հավաքների, գործադուլների արգելքը, սակայն դրանց մասնակիցները պարտավոր կլինեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

Կթույլատրվեն նաև ընտանեկան, ժամանցային միջոցառումների անցկացումը մինչև 40 մարդու մասնակցությամբ:

ՀՀ քաղաքացիություն չունեցողները կկարողանան մուտք գործել Հայաստան: