Անցել ենք դժոխքով, շանս ունենք կորոնավիրուսի խնդիրն արմատապես լուծելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շանս է ստացել կորոնավիրուսի խնդիրն արմատապես լուծելու․ օգոստոսի 12-ին կառավարության արտահերթ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ առողջապահական համակարգում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարած ներդրումներն ու ձեռք բերված սարքավորումներըդեռ պետք են գալու: «Հույս ունենանք, որ դրանք կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետք չեն գա, բայց շատ լայն կիրառում ունեցող սարքավորումներ են և օգտագործվելու են առողջապահական համակարգում»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեպքերի նվազմանը զուգահեռ, դիմակ չկրող քաղաքացիների տուգանման թվի էական աճ կա․ «Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին այս ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Եթե մենք ճիշտ չգնահատենք այս իրավիճակը, կարող է հետ գլորվենք հուլիսի իրավիճակին»։ Վարչապետը նկատեց, որ աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվել, ու վերադառնում են ամենախիստ պատժամիջոցներին:

«Անցնելով այս դժոխքի միջով՝ 800-ից ավելի մահ ունենք, մենք հիմա շանս ունենք խնդիրն արմատապես լուծելու և աշնանը գտնվելու բոլորովին այլ վիճակում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արտակարգ դրությունը մեղմացվում է

Կառավարության նիստին որոշում ընդունվեց Մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 11-ը։

Սա արտակարգ դրության հինգերորդ երկարաձգումն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս անգամ կլինեն որոշակի մեղմացումներ:

Արտակարգ դրության նոր կանոններով կվերացվի հավաքների, գործադուլների արգելքը, սակայն դրանց մասնակիցները պարտավոր կլինեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

Կթույլատրվեն նաև ընտանեկան, ժամանցային միջոցառումների անցկացումը մինչև 40 մարդու մասնակցությամբ:

ՀՀ քաղաքացիություն չունեցողները կկարողանան մուտք գործել Հայաստան:

Առողջապահության նախարարի նկատառումները

Հայաստանն ունի իրական հնարավորություն կրճատելու կորոնավիրուսի համաճարակի տարածման մասշտաբներն ու հիվանդների քանակը, կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Օգոտսոսի 11-ին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք՝ 1 710 հետզոտությունից: Սա տեղավորվում է այն միտման շրջանակներում, որի մասին մենք խոսում ենք վերջին մի քանի շաբաթներին: Այն է՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ ուժի մեջ է մնում կորոնավիրուսով վարակման թվերի նվազեցման գործընթացը:

Որպես արդյունք, նախարարի խոսքով, բավականին թեթև վիճակ է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցային համակարգում: «Թեթև վիճակ է թե՛ սովորական մահճակալների, թե՛ ռեանիմացիոն տեղերի մասով: Նվազել է նաև ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների քանակը: Այն տատանվում է մոտ 300-ի շրջանակում, բայց նվազման միտումը պահպանվում է, սակայն ավելի փոքր տեմպով: Բանն այն է, որ ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են մնում ռեանիմացիաներում՝ 10-ից մինչև 60 օր»,- ասաց նա:

Ամփոփելով, նախարարը հայտնեց կորոնավիուրսի հաղթահարման փուլի շարունակության մասին: «Մեր ջանքերը և ներդրած կանոնները տալիս են իրենց արդյուքնները»,- ասաց նա՝ նկատելով, որ զրո թվին մոտենալ դեռ չեն կարող:

«Չեմ կարծում, որ մենք պետք է նման նպատակ դեռ դնենք մեր առաջ: Հավանաբար, ինչ-որ թվի շրջանակում իրավիճակը պահելը, օրինակ՝ 500-100, մեզ համար պետք է ընդունելի լինի: Շատ դժվար է լինելու հասնել զրոյին միայն հակահամաճարակային կանոնները պահելով»,- ասաց Թորոսյանը:

#CiviilNet #News