Տեսանյութերի հետքով․ Սերժ Սարգսյանի ընկալումները Արցախի վերաբերյալ

Տիգրան Գրիգորյան

Օգոստոսի 6-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հինգ կարճ տեսանյութ հրապարակվեց, որոնց միջոցով Սարգսյանը փորձում էր պատասխանել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված մի շարք հարցերի: Սա Թավշյա հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ուղերձն էր հայաստանյան հանրությանը::

Սերժ Սարգսյանը այդ կարճ տեսահոլովակնեում կրկնեց իր քարոզչական թիմի կողմից Ապրիլյան պատերազմի վերաբերյալ վերջին տարիներին շրջանառության մեջ մտցված մի շարք նարատիվներ և կլիշեներ: Դրանց հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը 2016 թվականի ապրիլի ռազմական գործողություններում միանշանակ հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ: Այդ պնդումը հիմնավորվում է նրանով, որ ադրբեջանական բանակը, ունենալով քանակական և հանկարծակիության գործոնի առավելությունը, չի կարողացել հասնել իր նպատակներին, չի կարողացել որևէ բնակավայր գրավել: Ապրիլյան էսկալացիայի ընթացքում հայկական կողմի տարածքային կորուստները անվանվում են անէական և ռազմավարական նշանակություն չունեցող: Նշվում է նաև, որ ադրբեջանական բանակի մարդկային կորուստները հայկական կորուստներից մի քանի անգամ ավելի էին:

Սարգսյանն իր պատասխաններում օգտագործում է այս բոլոր փաստարկները: Սակայն նրա որոշ պնդումներ և շեշտադրումներ արժանի են առանձնահատուկ ուշադրության, քանի որ թույլ են տալիս հասկանալ Հայաստանի նախկին իշխանությունների ընկալումները Արցախի և Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, ինչպես նաև տեսնել հանրապետականների և նրանց սպասարկող շրջանակների կողմից օգտագործվող քարոզչական թեզերի անլրջությունը:

Այսպես, Սերժ Սարգսյանը այդ կարճ տեսահոլովակներից մեկում, փորձելով արդարացնել Ապրիլյան պատերազմից հետո իր հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեին, նշել է. «Պատերազմից հետո իմ ասածը այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտարը, այսինքն՝ 0,1 տոկոսը»:

Կորցրած տարածքների ռազմավարական նշանակության հարցը մի կողմ դնելով` Սերժ Սարգսյանի այս հայտարարության մեջ պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: Առաջինը, որ նա 800 հազար հեկտար անվտանգության գոտու մասին խոսելով՝ նկատի ունի Արցախի Հանրապետության տարածքի այն հատվածը, որը գտնվում է նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս: Այսինքն՝ ԼՂՀ-ն՝ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, բաժանված է երկու հատվածի, որոնցից մեկը նրա համար անվտանգության գոտի է:

«Անվտանգության գոտի» եզրույթի օգտագործումը երկրորդ ուշագրավ հանգամանքն է նրա հայտարարության մեջ: Այս տերմինը վաղուց կորցրել է իր ակտուալությունը և 2000-ականների կեսերի հայաստանյան քաղաքական բառապաշարից մեզ հասած անախրոնիզմ է: Սարգսյանի կողմից այդ եզրույթի օգտագործումը լավագույնս ցույց է տալիս նրա պաշտոնավորման շրջանում արցախյան ուղղությամբ իրականացվող քաղաքականության էությունը: Եթե Արցախի տարածքի երկու երրորդը դիտարկվում է որպես զուտ անվտանգության գոտի, ապա պարզ է, որ այդ տարածքների զարգացման վերաբերյալ որևէ համապարփակ քաղաքականություն չէր կարող գոյություն ունենալ: Սա, իհարկե, չի նշանակում, որ արտաքին աշխարհի հետ շփումներում անվտանգային դիսկուրսը չպիտի օգտագործվի ստատուս-քվոն հիմնավորելու ու լեգիտիմացնելու համար: Սակայն այդ տարածքները շատ ավելին են, քան անվտանգության գոտի: Եվ զավեշտալի է, երբ Արցախի վերաբերյալ նմանատիպ ընկալումներ ունեցող ուժերն ու գործիչները փորձում են իշխանություններին քննադատել «ոչմիթիզական» դիրքերից:

Սերժ Սարգսյանի այս փոքր հարցուպատասխանի մյուս ուշագրավ պահն այն էր, որ նա խոսում է ոչ միայն Ապրիլյան պատերազմում հայկական կողմի ռազմական հաղթանակի, այլև պատերազմից հետո ձեռք բերված դիվանագիտական հաղթանակի մասին: Սարգսյանը այստեղ ևս օգտագործում է թեզեր, որոնք վաղուց կիրառվում են հանրապետականների քարոզչական թիմի կողմից:

Այսպես, Սերժ Սարգսյանը որպես հայկական դիվանագիտության ձեռքբերում է ներկայացնում Իլհամ Ալիևի 2016 թվականի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանին փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս հայտարարությունը ևս օգտագործվում էր Հայաստանի նախկին իշխանությունների քարոզչական թիմի կողմից: Ի դեպ, հայտարարության երկրորդ մասը, որտեղ Ալիևը նշել էր, որ Ադրբեջանը երբեք այդ քայլին չի գնա, ամեն անգամ գիտակցաբար անտեսվում է: Ակնհայտ է, որ Ալիևի այս հայտարարությունը ներքին սպառման համար էր արվել: Բանակցային գործընթացին քիչ թե շատ ծանոթ մարդիկ տեղյակ են, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին խոսք չի եղել: Ավելին, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին շրջանառության մեջ է դրվել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երկրորդ պլան է մղվել: Հակառակորդ երկրի ղեկավարի ներքին սպառման համար արված հայտարարությունները ինքնագովազդի նպատակով օգտագործելը չի դիմանում որևէ քննադատության:

Սերժ Սարգսյանը հայկական դիվանագիտության ձեռքբերումներից է համարում նաև 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, որոնցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները շեշտեցին 1994-1995 թվականների զինադադարի պայմանագրերը հարգելու կարևորությունը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին ստեղծել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմ: Սարգսյանը ՀՀ նոր իշխանություններին մեղադրում է, որ նրանք չկարողացան օգտագործել այդ ձեռքբերումները:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, անշուշտ, բխում էին Հայաստանի շահերից: Սակայն այն պնդումը, որ դրանք հայկական դիվանագիտության աշխատանքի արդյունք են, պարզապես անլուրջ է: Ապրիլյան էսկալացիայից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրները ճնշում գործադրեցին Ադրբեջանի վրա, քանի որ հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի բացառումը առաջնահերթություն էր տարածաշրջանային գրեթե բոլոր խաղացողների համար:

Ինչ վերաբերում է միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը մշտապես դեմ է հանդես գալու դրա ստեղծմանը` վախենալով, որ այն է՛լ ավելի է ամրապնդելու ստատուս-քվոն: Այս հարցում ՀՀ իշխանությունների դեմ հնչեցվող մեղադրաքները անհիմն են: Ապրիլյան պատերազմից հետո երկու երկու տարվա ընթացքում նույն Սերժ Սարգսյանի կառավարությունը չի կարողացել հասնել որևէ առաջընթացի այդպիսի մեխանիզմ ստեղծելու հարցում:

Սերժ Սարգսյանի կողմից այսպիսի քարոզչական թեզերի օգտագործումը ցույց է տալիս, որ ՀՀ նախկին իշխանությունները դասեր չեն քաղել անցյալի սխալներից: Տարիներ շարունակ նրանք իրենց քարոզչական թիմի միջոցով ստեղծում էին այլընտրանքային իրականություն և զբաղվում քաղաքական էսկապիզմով: Այդ իրականությունը կրկին հասարակության վզին փաթաթելու փորձերը դատապարտված են ձախողման: