Լիդիանն արձագանքել է, թե ինչու է ՎԶԵԲ-ը դադարեցրել բաժնեմասնակցությունը Ամուլսարի ծրագրին

Լիդիան ընկերությունը հակադարձել է հրապարակմանը, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում։

Երեկ Opendemocracy.net կայքը գրել էր, որ Լիդիան ընկերության վերակազմավորման գործընթացի շրջանակում, ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ իր ներդրումները այս նախագծում դադարեցված են։ «Լուրը, որ ՎԶԵԲ-ի ներդրումները ավարտին են մոտենում, հայտնվել է վերջին շաբաթներին Ամուլսարում բողոքի ցույցերի վերսկսման ֆոնին այն բանից հետո, երբ Լիդիան գրուպը նոր՝ մասնավոր պահնորդական ընկերություն էր վարձել և տարածքից հանել ակտիվիստների վագոնները»,- նշվում էր հոդվածում։

Ի պատասխան Լիդիան ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՎԶԵԲ-ը 2020թ. հունվարի դրությամբ հանդիսանում էր Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր։

«2020 թ. փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը ստիպված եղավ ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, Ամուլսարի շուրջ երկու տարվա ապօրինություններից հետո ստեղծված ֆինանսական խնդիրների հետևանքով, ինչն այլևս հնարավորոթյուն չէր տալիս շարունակել բաժնետոմսերի ազատ վաճառքը»,- նշվում է հաղորդագրությունում։

Ըստ Լիդիանի՝ «ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության արդյունքում, և այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգևորությունը։ Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետևանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը։ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի անկախ այս հանգամանքից, բայց այս խարանը դեռ երկար տարիներ կհետապնդի Հայաստանի ներդրումային հեղինակությունը և այս առիթով ուրախանալը մեղմ ասած հակապետական վարքագիծ է»։

Տե՛ս նաև՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում

#CivilNet #News