«Լոռի» vs ՀՖՖ. սկանդալները դարձել են հայկական ֆուտբոլի ուղեկիցը

Վաղը՝ օգոստոսի 14-ին, «Ալաշկերտ» – «Արարատ Արմենիա» հանդիպումով, մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020-2021 թթ առաջնությունը:

Այս տարի Բարձրագույն խմբում հանդես գալու ցանկություն և իրավունք են ստացել 10 ակումբներ, սակայն չի բացառվում, որ Վանաձորի «Լոռի»-ն հրաժարվի առաջնությանը մասնակցելուց:

Երեկ «Լոռի» ֆուտբոլային ակումբը տարածել է հայտարարություն, նշելով, որ օգոստոսի 19-ին կայանալու է «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում կքննարկվի մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը։

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ ակումբի 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի և ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին կորոնավիրուսով և ավելի քան երկու շաբաթ գտնվել էին ինքնամեկուսացման մեջ։ Դրանով պայմանավորված՝ «Լոռի» ՖԱ-ն հուլիսի 20-ին նամակով դիմել էր ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժին և խնդրել, որ առաջնության խաղացանկը կազմելիս հաշվի հանգամանքը, որ ակումբի որոշ աշխատակիցներ և ֆուտբոլիստներ մեկուսացումից դուրս են գալու միայն օգոստոսի սկզբին, իսկ նորեկները կարող են ժամանել միայն օգոստոսի սկզբին։ Հուլիսի 27-ին «Լոռի» ՖԱ-ն ևս մեկ գրությամբ դիմել է ՀՖՖ՝ ներկայացնելով այն ֆուտբոլիստների ու աշխատակիցների PCR թեստավորման արդյունքները, որոնք չէին կարող դուրս գալ ինքնամեկուսացումից։

«Լոռի» ՖԱ-ն հայտարարության մեջ ընդգծում է, որ ՀՖՖ-ն, չպահպանելով «արդար խաղի» սկզբունքը, հարցում է ուղարկել «Ուրարտու»՝ արդյոք ակումբը համաձայն է հետաձգել առաջին մրցափուլի «Ուրարտու» – «Լոռի» հանդիպումը, ինչին ստացել է բացասական պատասխան։ «Լոռի»-ն որոշել է խաղադաշտ դուրս չգալ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները և մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, և ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղի ու օտարերկրյա ֆուտբոլիստներով։

Այսօր թեմային անդրադարձել է ՀՖՖ-ն՝ իր կայքում տեղադրելով պաշտոնական հայտարարություն: Ֆեդերացիան տեղեկացրել է, որ «Լոռի ՖԱ»-ն հուլիսի 27-ին նամակ էր ուղարկել ՀՖՖ՝ հայտնելով, որ կրկնակի թեստավորումից հետո «Լոռի ՖԱ»-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքեր են հայտնաբերվել 8 ֆուտբոլիստների մոտ:

Վերոնշյալ 8 ֆուտբոլիստներից, ինչպես ասվում է հայտարարության մեջ, միայն 3-ն ունեն գործող պայմանագրեր «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ»-ի հետ, այսինքն՝ «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստ են:

«Հատկանշական է, որ, չնայած «Լոռի ՖԱ»-ն իր նամակում նշել էր 8 ֆուտբոլիստի անուն, սակայն ՀՖՖ էր ուղարկել միայն 5 ֆուտբոլիստի թեստերի պատասխանների սկանավորված տարբերակները, այն դեպքում, որ նրանցից միայն մեկն ունի գործող պայմանագիր «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ»-ի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՖՖ-ն, վկայակոչելով պրոֆեսիոնալ մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի երկու հոդվածներ, հայտարարում է, որ «Լոռի ՖԱ»-ի՝ «Ուրարտուի» հետ հանդիպումը հետաձգելու պահանջը չունի իրավական որևէ հիմք:

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ մի քանի օր առաջ՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և «Լոռի ՖԱ» հիմնադիր Թովմաս Գրիգորյանի միջև, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Լոռի ՖԱ»-ի՝ առաջին երկու տուրերի հետաձգման հարցը: Մելիքբեկյանը տեղեկացրել է Գրիգորյանին, որ վերոնշյալ հանդիպումը չի կարող հետաձգվել, քանի որ «Լոռի ՖԱ»-ն չի տրամադրել հանդիպումների՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետաձգման հիմքերը:

Եթե «Լոռի ՖԱ»-ն հրաժարվի առաջանության մասնակցությունից, ապա 2020-2021-ին Բարձրագույն խմբում հանդես կգան 9 ակումբներ՝ այնքան, ինչքան 2019-2020-ին: Ճիշտ է, նախորդ առաջնությունը սկսվել էր 10 թիմով, սակայն առաջին շրջանից հետո «Երևան» թիմը, որ պարտվել էր բոլոր խաղերում, դադարեցրեց մասնակցությունը:

«Երևան»-ը այն 5 ակումբներից էր (մյուս 4 ակումբները՝ «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», ներկայացնում էին Առաջին խումբը), որին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն հուլիսի 3-ին որակազրկել էր պայմանավորված խաղերի համար: Կոմիտեն որակազրկել էր նաև 58 անձանց, այդ թվում 45-ին՝ ցմահ:

Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ, պայմանավորված խաղերի հանգամանքով, ՀՖՖ-ն ուղղակի դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը:

Այս՝ 2020-2021 մրցաշրջանում, Առաջին խմբում մասնակցելու իրավունք են ստացել 11 ակումբներ՝ անցյալ տարվա 17-ի դիմաց:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 10 ակումբներից միայն 4-ն ունեն հայաստանյան ֆինանսավորում՝ Գյումրիի «Շիրակը» (10 տարիների տնօրենը Արման Սահակյանն էր), Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն (Թովմաս Գրիգորյան), Երևանի «Ալաշկերտ»-ը՝ (Բագրատ Նավոյան), իսկ Կապանի «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսավորումը գալիս է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հայկական բաժնեմասից:

Մյուս 6 թիմերը ֆինանսավորվում են արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանից (ռուսահայերից), այդ թվում Չարենցավանի «Վան»-ը՝ Բարձրագույն խմբի նորեկը:

Ի դեպ, այսօր հայտարարություն է տարածել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը, որը նույնպես սկանդալային կարելի է համարել:

«Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված:Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Թաթուլ Հակոբյան