Արցախ մուտք գործելը հեշտացվել է, պարետի թույլտվություն այլևս անհրաժեշտ չէ

Օգոստոսի 12-ին ըստ Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրով՝ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, մտցվել են նոր կարգավորումներ։

Արցախի Հանրապետության պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ՍիվիլՆեթին որոշակի պարզաբանումներ տվեց նոր կարգավորումների վերաբերյալ։ Այժմ արդեն Արցախի քաղաքացի չհանդիսացող այլ երկրների քաղաքացիների համար այլևս պարետի թույլտվություն անհրաժեշտ չէ՝ Արցախ մուտք գործելու համար։ Նրանք միայն պարտավոր են ունենալ 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ թեստ՝ բացասական պատասխանով։ Մինչև վեց տարեկան երեխաների համար թեստ հարկավոր չէ։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպմանը։ Եթե մինչև հիմա փակ տարածքներում թույլատրվում էր մինչև 20 մարդու ներկայություն, ապա այժմ այդ թիվը կարող է հասնել մինչև 40-ի։ Իսկ բաց տարածքներում, ի տարբերություն նախկին 60 հոգու, թույլատրվում է մինչև 100 մարդու մասնակցություն։

Ժիրայր Միրզոյանը նաև նշեց, որ պարետի իրավասության տակ է օպերատիվ արձագանքման խումբը, որը օգնում է վերահսկողություն իրականացնել։

Անժելիկա Զաքարյան