Նիկոլ Փաշինյանը՝ BBC Hardtalk-ում․  Ղարաբաղի խնդրից մինչև՝ ինչու անձամբ դիմակ չի կրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC HARDtalk հաղորդման վարող Սթիվեք Սաքուրին՝ տեսակապի միջոցով։ Հարցազրույցում նա պաշտպանում է կորոնավիրուսի դեմ պայքարում իր կառավարության գործողությունները, Ադրբեջանին մեղադրում սահմանին սրացման մեջ և բացատրում, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջել է սեփական քաղաքացիներից: Հարցազրույցի հիմնական մտքերն ի մի է բերել BBC-ի ռուսական ծառայությունը։

HARDtalk ծրագրում հյուրերը պատասխանում են հնարավորինս քննադատական, կոշտ և երբեմն սադրիչ հարցերին, ինչի մասին վկայում է հաղորդման անունը։

Ձերբակալություններ և բարեփոխումներ

Խոսակցությունը սկսվեց Փաշինյանի առաջին երկու տարիների արդյունքներից՝ կառավարության գլխավորությամբ։ Նա իշխանության եկավ 2018 թվականի գարնանը զանգվածային բողոքների ալիքի վրա, իսկ նույն թվականի դեկտեմբերին համոզիչ հաղթանակ տարավ ընտրություններում, որոնք դիտորդները ճանաչեցին արդար և թափանցիկ:

Փաշինյանը նշում է, որ նախորդ տարի Հայաստանը ռեկորդային տնտեսական աճ է արձանագրել Եվրոպայում. ՀՆԱ-ն աճել է 7,6 տոկոսով: «Համաճարակային իրավիճակն ընդհատել է մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք այն»,- ասել է վարչապետը:

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունն ազատ է արտահայտելու իր կարծիքը։ Ես երջանիկ եմ, որ Հայաստանում ընդդիմությունը հիմա ավելի ազատ է գործում, քան մինչև հեղափոխությունը»։

Հայաստանի առաջնորդը կրկին ու կրկին վկայակոչում էր Freedom House ոչ կառավարական կազմակերպության՝ Հայաստանին տված բարձր գնահատականը։ Կազմակերպության զեկույցները, իրոք, խոսում են 2018-2019 թվականներին Հայաստանի հաջողությունների մասին, ինչպիսիք են իսկապես ազատ և արդար ընտրությունների անցկացումը:

Սակայն Freedom House-ն ընդգծում է լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայությունը և նշում է Սահմանադրական դատարանի շուրջ հակամարտությունը, որը սկսվել է իշխանամետ դատավորի՝ իրեն դատարանի նախագահ հռչակելու անհաջող փորձով և հանգեցրել է սահմանադրական ճգնաժամի, որի արդյունքում վարչապետի դաշնակիցները խորհրդարանում փոփոխություն են ընդունել երկրի բարձրագույն դատարանի բարեփոխման վերաբերյալ:

Գործադիր և դատական իշխանության բախումը կապված է նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերի հետ։ Իր նախորդների ձերբակալությունների մասին հարցին պատասխանելիս Փաշինյանը ասել է, որ դրանով զբաղվում են դատարանները, քննիչներն ու դատախազները։

«Ես չեմ որոշում, թե ում ձերբակալել և ում ազատ արձակել»,- ասել է վարչապետը։

Դա այնքան էլ այդպես չէ։ Աղմկահարույց քրեական գործերը վարում են Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) և Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), նրանց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից և զեկուցում նրան:

Ավելին, համացանցում հայտնված հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցի իսկությունը ցույց է տալիս, որ 2018 թվականին գեներալ Յուրի Խաչատուրովին (այն ժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարին) կալանավորելու մասին որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը։

«Խնդրում եմ՝ Խաչատուրովի հետ շատ զգույշ եղիր։ Չնայած նրան, որ վարչապետն ասում է փակել (այսինքն ՝ կալանավորել Խաչատուրովին), ռուսները…»,- զգուշացնում էր ԱԱԾ ղեկավարն այդ զրույցի ժամանակ՝ վախենալով Մոսկվայի արձագանքից պաշտպանական դաշինքի ղեկավարի ձերբակալության հարցում։

Կորոնավիրուս և խնջույք առանց դիմակի

Վարչապետը չի համաձայնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի իր կառավարության գործողությունները ձախողվել են։

Նա հայտարարում է, որ շատ վաղ է գնահատականներ տալ և չի մեկնաբանում այն փաստը, որ հարևան Վրաստանում մի քանի անգամ քիչ դեպքեր են գրանցվել:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից 17 մահ՝ Հայաստանում 806 մահացածների համեմատ։

Հարցին, թե ինչու է նա Ղարաբաղում խնջույքին առանց դիմակի եղել համաճարակի թեժ պահին, մինչդեռ անձամբ է նախատում քաղաքացիներին հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չպահպանելու համար, Փաշինյանն ասում է, որ հետևել է այն տարածքի կանոններին, որտեղ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելությունը:

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող կանոնների համաձայն»,- ասում է վարչապետը:

Ղարաբաղ և աշխարհաքաղաքականություն

Հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհարումը հանգեցրեց հրադադարի հերթական խախտմանը, այս անգամ հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Ղարաբաղում: Մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 17 զինվորական, ինչպես նաև ադրբեջանական գյուղի մեկ բնակիչ, Հայաստանում մի քանի խաղաղ բնակիչ վիրավորվել է:

Հարցազրույցում Փաշինյանն ասում է, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։ Բաքվում հակառակն են պնդում։ Նա խոստովանում է, որ ամեն էսկալացիայից հետո միջազգային հանրությունը իրադարձությունների երկու տարբերակ է լսում, և այդ պատճառով անհրաժեշտ է շփման գծում մոնիթորինգի համակարգ հաստատել:

Վարչապետը նաև ընդգծում է, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել Հայաստանի միակողմանի գործողություններով և մեղադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռազմատենչ հռետորաբանության և հակամարտությունը ուժով լուծելու փորձերի մեջ: Ընդ որում, Փաշինյանը հազարամյա պատմությամբ է բացատրում սեփական հայտարարությունը, որ «Արցախը Հայաստանն է և վերջ»։

«Ինչու ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղը, Արցախը Հայաստան է։ Նախ, Լեռնային Ղարաբաղը մի քանի հազար տարի բնակեցված է բնիկ հայ ժողովրդով, և, ի դեպ, Արցախ անվանումը մի քանի հազար տարվա պատմություն ունի»,- ասում է Փաշինյանը։ Նա համաձայն չէ, որ դրանով ազգայնական դիրքորոշում է հայտնել։

Սաքուրը հարցնում է, թե պատրաստ է արդյոք Փաշինյանը ներողություն խնդրել Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայերի կատարած ռազմական հանցագործությունների համար։ Հաղորդավարը կոնկրետ դեպքեր չի նշում, սակայն նկատի ունի 1992 թվականին Խոջալուի ողբերգությունը։

«Հայաստանի վարչապետը հեռացավ այդ հարցից։ Նախկինում նա մի քանի անգամ կրկնել է դավադրության այն տեսությունը, որը Խոջալուի բնակիչների սպանությունների մեղքը դնում է ադրբեջանական ընդդիմության վրա։ Նա դարձավ Հայաստանի առաջին առաջնորդը, որը հրապարակավ հերքում է այդ հանցագործությունը»,- հարցազրույցի ամփոփիչ հոդվածում գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամենաքիչ առարկայականը խոսակցության վերջին հատվածն էր՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին։ Սաքուրը վարչապետին հարցնում է՝ Երևանը կմնա՞ Ռուսաստանի դաշնակիցը, թե՞ պատրաստ է շարժվել դեպի Եվրոպական միություն և ՆԱՏՕ։

Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը մնում է Մոսկվայի ռազմավարական գործընկերը, ինչպես նաև Եվրասիական միության անդամ: Ընդ որում ՝ ներքաղաքական բարեփոխումների անցկացման գլխավոր աջակցությունը Երևանը ստանում է ԵՄ-ից։

Հայկական բանակը համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում մասնակցում է Աֆղանստանում և այլ երկրներում դաշինքի խաղաղապահ առաքելություններին:

«Հաղորդավարի հարցը կարելի է համարել զուտ հիպոթետիկ։ Եվրոպական միության կամ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում Հայաստանին ընդունելու մասին խոսք չկա ո՛չ Բրյուսելում, ո՛չ Երևանում։ Առավել ևս, որ Վրաստանի և Ուկրաինայի օրինակները ցույց են տալիս, որ նույնիսկ մեծ ցանկությունը հետխորհրդային երկրի կողմից քիչ կարող է ազդել գործընթացի վրա»,- նշվում է BBC-ի ռուսական ծառայության՝ հարցազրույցի հիմնական մտքերն ամփոփող հոդվածում։

Թարգմանությունը՝ Մարիա Եղիազարյանի