ԵՄ-ն Բելառուսի ընտրությունները որակում է «ոչ ազատ և ոչ արդար»

Եվրոպական միությունը օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները որակում է ոչ ազատ և ոչ արդար։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելլը օգոստոսի 14-ին ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարների հետ խորհրդակցությանը քննարկել է տարածաշրջանային մի շարք թեմաներ։ Բելառուսի մասին քննարկման վերաբերյալ Բորելի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է․

ԵՄ արտաքին գործերի նախարարները կրկնել են Բելառուսի իշխանություններին ուղղված իրենց կոչը՝ դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի բռնությունները: ԵՄ-ն ակնկալում է, որ իշխանություններն անհապաղ ազատ կարձակեն անօրինական ձերբակալված բոլոր անձանց՝ անմարդկային վերաբերմունքի և կալանքի տակ պահելու պայմանների մասին ցնցող հաղորդումների լույսի ներքո։ Եվրամիությունն ակնկալում է բոլոր ենթադրյալ չարաշահումների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Քննարկումների ընթացքում նախարարները ԵՄ-ի ուժեղ աջակցության ազդանշանն են հղել Բելառուսի բնակչությանը նրա՝ ժողովրդավարական փոփոխությունների ձգտման գործում: Նախարարները նշել են ընտրությունների ընթացքում տեղական դիտորդների բացառիկ աշխատանքը, որոնց զեկույցները, ընտրություններին միջազգային դիտորդների բացակայության պայմաններում, վճռորոշ դեր են խաղացել կիրակի կայացած քվեարկության իրական պատկերը բացահայտելու գործում: Նախարարները քննարկել են, թե ինչպես պետք է աջակցեն այս կենսական աշխատանքին։

Նախարարները վերահաստատել են, որ ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար։ Եվրոպական միությունը ընտրությունների արդյունքները կեղծված է համարում և այդ պատճառով ընտրությունների արդյունքները չի ճանաչում այն ձևով, որ ներկայացրել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն Բելառուսի իշխանություններին առաջարկ կներկայացնի աջակցելու քաղաքական իշխանությունների, ընդդիմության և ավելի լայն հասարակության միջև երկխոսությանը՝ ներկայիս ճգնաժամի կարգավորման նպատակով: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը / նախագահի տեղակալը և նրա ծառայությունները անմիջապես կսկսեն աշխատել այդ առաջարկի վրա։

Նախարարները նաև համաձայնել են բռնության, բռնաճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու անձանց պատժելու անհրաժեշտության շուրջ: Բելառուսի նկատմամբ առկա պատժամիջոցների շրջանակներում լրացուցիչ ցուցակների վրա աշխատանքը կսկսվի անմիջապես:

Նախարարները երախտագիտություն են հայտնել լրագրողներին ծառացած բարդ պայմաններում իրենց աշխատանքի համար և դատապարտել են լրագրողների վրա հարձակումներն ու նրանց ձերբակալությունները, այդ թվում ՝ ԵՄ քաղաքացիների:

Նախարարները պայմանավորվել են օգոստոսի վերջին կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը վերադառնալ ԵՄ-ի և Բելառուսի միջև հարաբերությունների քննարկմանը: Այս վերանայման շրջանակներում Եվրոպական միությունը կքննարկի, թե ինչպես բարձրացնել իր աջակցությունը Բելառուսի ժողովրդին, այդ թվում՝ ընդլայնելով քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությունը և քաղաքացիական հասարակությանը ֆինանսական աջակցությունը, անկախ լրատվամիջոցներին լրացուցիչ աջակցությունը և ուսանողական ու ակադեմիական շարժունակության հնարավորությունների ընդլայնումը: