Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Տիխանովսկայան պատրաստ է դառնալ «ազգային առաջնորդ»

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել երկրի համար՝ կազմակերպելու նոր, ազնիվ և թափանցիկ նախագահական ընտրություններ․ այս մասին նա հայտնել է իր հերթական տեսաուղերձում։ Օգոստոսի 9-ին Բելառուսում անցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Տիխանովսկայան պատրաստ է դառնալ «ազգային առաջնորդ»։

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և այս շրջանում հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի, մտնի նորմալ հուն, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և ամենասեղմ ժամկետներում նոր նախագահական ընտրությունների կազմակերպման համար նախապատրաստենք օրենսդրական հիմք»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Օգոստոսի 10-ին՝ Բելառուսում նախագահական ընտրությունների հաջորդ օրը, Տիխանովսկայան այցելել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բողոք ներկայացնելու համար, որից հետո նրա հետ կապը մի քանի ժամով կտրվել էր։ Հաջորդ օրը նա հայտնվել էր Լիտվայում։ Տելեգրամ ալիքներում հրապարակված ուղերձում Տիխանովսկայան, ընթերցելով թերթիկից, բելառուսներին կոչ էր արել դուրս չգալ փողոցներ։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, թե տեսաուղերձը ձայնագրվել էր ճնշման ներքո։

Երեկ Բելառուսում շարունակվել են բողոքի զանգվածայաին ցույցերը՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով։ Նույն օրը տեղի է ունեցել նաև ի աջակցություն Լուկաշենկոյի հավաք, որի ընթացքում նա խոստացել է ոչ մի դեպքում «չհանձնել Բելառուսը»։

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Մինսկի գործարաններից մեկում Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում նոր նախագահական ընտրություններ չեն անցկացվի, «ինքը երբեք որևէ բան չի անի ճնշման տակ»։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը, ընդդիմադիր Տիխանովսկայան՝ մոտ 10 տոկոսը։

Կարդացե՛ք նաև՝

Բելառուսում նախագահական ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ցույցերով

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բելառուսին՝ Միութենական պետության ու ՀԱՊԿ-ի գծով․ Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցը

Մեկնաբանել