Գազային կրքեր Արևելյան Միջերկրածովում

Վերջին շաբաթներին միջազգային լրատվամիջոցների և փորձագետների ուշադրությունը նորիս սևեռվել է Արևելյան Միջերկրածովի վրա, որտեղ աստիճանաբար մեծանում է լարվածությունը մի կողմից Թուրքիայի, իսկ մյուս կողմից՝ Հունաստանի և Կիպրոսի միջև, որոնց աջակցում են ինչպես Եվրամիությունը, այնպես էլ վերջինիս անդամ առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ֆրանսիան։ Հունաստան – Կիպրոս – Թուրքիա հակասությունները պարբերաբար սրվում են 1974-ից սկսած, և 2004-ից Կիպրոսի՝ Եվրամիությանն անդամակցությունից հետո Եվրամիությունը ևս հաճախակի ներգրավվում է այս հակամարտությունում։ Սակայն եթե մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտը հակասությունների հիմնական պատճառը Կիպրոսի տարածքի շուրջ մեկ երրորդի փաստացի օկուպացիան էր Թուրքիայի կողմից, ապա վերջին տասնամյակում աստիճանաբար մեծանում է էներգետիկ աշխարհաքաղաքականության դերը։

Բանն այն է, որ սկսած 2000-ականների վերջից Արևելյան Միջերակրածովում հայտնաբերվել են բնական գազի խոշոր պաշարներ, այդ թվում՝ Թամար և Լևիաթան հանքավայրերը Իսրայելի, և Աֆրոդիտե հանքավայրը՝ Կիպրոսի ափամերձ հատվածներում։ Նշենք, որ ՄԱԿ-ի 1982 թ. ընդունած «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայի համաձայն, յուրաքանչյուր պետություն ունի  բացառիկ տնտեսական գոտի, որի լայնությունը կազմում է ափից մինչև 370 կմ, և որի տարածքում տվյալ պետությունը ունի տնտեսական գործունեության իրականացման, այդ թվում օգտակար հանածոների արդյունահանման առանձնահատուկ իրավունքներ։ «Աֆրոդիտե» գազի հանքավայրի հայտնաբերումից հետո Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ քանի դեռ Կիպրոսի խնդիրը վերջնական լուծում չի ստացել, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ևս ունի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ օգտակար հանածոների հետախուզման և արդյունահանման աշխատանքներ կարող են իրականացվել բացառապես վերջինիս իշխանությունների համաձայնության դեպքում։ Հասկանալի է, որ թե՛ Կիպրոսը, թե՛ Հունաստանը և թե՛ Եվրամիությունը չեն ընդունում Թուրքիայի այս տեսակետը՝ հայտարարելով, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին ամբողջությամբ պետք է գտնի Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների վերահսկողության ներքո։

2019 թ. կեսերին Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները հավանության արժանացրին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հանածոների ապօրինի արդյունահանման գործողությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հատուկ մեխանիզմի գործարկումը, իսկ արդեն 2020 թ. փետրվարին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց թուրքական TPAO ընկերության երկու բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ՝ առանց Կիպրոսի իշխանությունների թույլտվության Արևելյան  Միջերկրածովում հանածոների արդյունահանման գործողությունները ղեկավարելու համար։ ԱՄՆ-ը ևս ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։ 2019 թ. օգոստոսին ԱՄՆ-ի նախաձեռությամբ տեղի ունեցավ 3+1 ձևաչափով (Իսրայել, Հունաստան, Կիպրոս, ԱՄՆ) էներգետիկայի նախարարների առաջին գագաթնաժողովը, որի ավարտին ստորագրված հռչակագրում կողմերն իրենց լիակատար աջակցությունն էին հայտնում  Կիպրոսի Հանրապետությանը վերջինիս բացառիկ տնտեսական գոտու տարածքում գտնվող հանածոների արդյունահանման գործընթացում։

Միևնույն ժամանակ, իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ բացառիկ տնտեսական գոտիների սահմանների հետ Թուրքիան անհամաձայնություններ ունի ոչ միայն Կիպրոսի, այլև Հունաստանի և Եգիպտոսի հետ։ Վերջին տարիներին այս գործընթացը միահյուսվել է Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմի և դրան մասնակից կողմերին ցուցաբերվող օժանդակության հետ։ 2019 թ. վերջին Թուրքիան համաձայնագիր ստորագրեց Տրիպոլիում տեղակայված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ՝ վերջինիս ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Թուրքական ռազմական տեխնիկայի և Սիրիայից տեղափոխված զինյալների ակտիվ ներգրավվածությամբ Ազգային համաձայնության կառավարության ուժերը Տրիպոլիից մի քանի հարյուր կիլոմետր հետ մղեցին 2019 թ. ապրիլից Տրիպոլիի վրա հարձակում սկսած Ֆելդմարշալ Հաֆթարի հրամանատարության տակ գործող Լիբիայի ազգային բանակին։ Միևնույն ժամանակ, Թուրքիան Ազգային համաձայնության կառավարության հետ ստորագրեց երկու պետությունների միջև ծովային սահմանների դեմարկացիայի համաձայնագիր, որն էականորեն ընդլայնում է Թուրքիայի ծովային սահմանները։

Կիպրոսը, Հունաստանը, Ֆրանսիան և Եգիպտոսը հրաժարվեցին ճանաչել թուրք – լիբիական համաձայնագիրը, իսկ 2020 թ. հունվարի 2-ին Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը համաձայնագիր ստորագրեցին 1900 կմ երկարությամբ և տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող նոր գազամուղի կառուցման վերաբերյալ, որը Իսրայելից հասնելու է Կիպրոս, այնուհետև Կրետե ու մայրցամաքային Հունաստան, և իսրայելական և կիպրական գազը հասցնելու է եվրոպական շուկաներ։ Համաձայնագիրը նախատեսում է գազամուղի շինարարությունը սկսել 2022 թ. և ավարտին հասցնել 2025 թ.։ Թուրքիան իր հերթին արդեն հայտարարել է, որ գազամուղն անցնելու է իր բացառիկ տնտեսական գոտիով և հետևաբար առանց Անկարայի թույլտվության շինարարություն իրականացվել չի կարող։

Թուրքիայի աճող ազդեցությունը Լիբիայում զսպելու նպատակով Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը փաստացի հակաթուրքական միավորում են ստեղծել, որը նաև հանդես է գալիս Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի տնտեսական գործունեության քննադատությամբ։ Իր հերթին, 2020 թ. մայիսի 16-ին Եվրամիությունը ևս դատապարտել է ապրիլից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական «Յավուզ» նավի կողմից հետախուզական և հորատման աշխատանքների իրականացումը։

Արևելյան միջերկրածովում թուրք – ֆրանսիական հարաբերությունները ավելի սրվեցին հունիսի 10-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թուրքական ռազմածովային ուժերի երեք նավեր սպառնացին կրակ բացել ֆրանսիական ռազմանավի վրա, երբ վերջինս փորձում էր կանգնեցնել և ստուգել Տանզանիայի դրոշի ներքո դեպի Լիբիա ուղևորվող բեռնատար նավը։

Փորձելով հակակշիռ ստեղծել Թուրքիա – Լիբիա համաձայնագրին, օգոստոսի վեցին Հունաստանը և Եգիպտոսը պայմանագիր ստորագրեցին երկու պետությունների ծովային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ։ Իր հերթին Թուրքիան հայտարարեց, որ նշված համաձայնագիրն ապօրինի է, և ծովի ընդերքն հետախուզող նավ ուղարկեց Արևելյան Միջերկրածով։ 2020 թ. օգոսոստի 14-ին կայացած Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ վերջիններս ևս մեկ անգամ հաստատեցին Եվրամիության լիակատար աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ արեցին Թուրքիային շտապ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Իր հերթին Ֆրանսիան հայտարարել է Արևելյան միջերկրածովում սեփական ռազմական ներկայության ուժեղացման մասին՝ տարածաշրջան ուղարկելով «Լաֆայետ» ռազմանավը և մի քանի կործանիչներ։ Ի պատասխան օգոստոսի 14-ին ընդունված հայտարարության, Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է, որ Թուրքիան պատրաստ է վերսկսել երկխոսությունը, սակայն վճռական է տրամադրված սեփական օրինական շահերի պաշտպանության հարցում։

Հասկանալի է, որ Թուրքիա – Հունաստան կամ Թուրքիա – Ֆրանսիա ռազմական բախման հավանականությունը չափազանց փոքր է։  Միևնույն ժամանակ, Արևելյան Միջերկրածովում բախվում են տարածաշրջանային և արտատարածաշրջանային բազմաթիվ պետությունների շահեր։ Ամենայն հավանականությամբ, անկայուն իրավիճակը կպահպանվի առնվազն մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ։ Իրավիճակի վերջնական նորմալացում հնարավոր է միայն բազմակողմ համաձայնագրի ստորագրման դեպքում, որը այս կամ այն չափով պետք է հաշվի առնի տարածաշրջանում գործող բոլոր հիմնական խաղացողների շահերը։