1,4 մլրդի լրացուցիչ հարկային պարտավորության պահանջ՝ Ծառուկյանի ընկերությանը

Պետեկամուտների կոմիտեն մոտ 1,4 միլիարդ դրամի չափով նոր հարկային պարտավորությունների պահանջ է ներկայացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը՝ «Օնիրա քլաբ»-ին․ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը։ 

Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը կայքին տեղեկացրել է, որ պահանջվող գումարը պետական տուրք է, որը ձևավորվել է «Շանգրի լա» խաղատան համար անհրաժեշտ եռամսյակային պետական տուրքը չվճարելուց։ «Խնդիրն այն է, որ արտակարգ դրության ժամանակ, պանդեմիայով պայմանավորված, խաղատունը չի աշխատել, շրջանառություն չի եղել, դիմել էին, որ հարկային պարտավորությունը տարաժամկետեք։ ՊԵԿ-ն էլ, երևի հաշվի առնելով Ծառուկյանի շուրջ էս ամբողջ կատարվողը, որոշել է, որ, չէ, պիտի վճարվի»,- հայտարարել է փաստաբանը։ 

ՊԵԿ-ի կողմից կազմված ակտը «Օնիրա քլաբ»-ը վիճարկելու է վարչական դատարանում։ Ապրիլի 27-ին «Օնիրա քլաբ»-ը դիմել էր ֆինանսների նախարարության՝ խաղատների, վիճակախաղերի ոլորտը կարգավորող համապատասխան հանձնաժողովին՝ իրենց տրված խաղատնային լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար, սակայն հետագայում ընկերությունը դիմումը հետ էր վերցրել։ 

«Օնիրա քլաբ»-ը բացի «Շանգրի լա»-ից, ներկայացնում է նաև «Փարավոն» խոշոր ժամանցային համալիրը, «Մուլտի գրանդ» հյուրանոցները։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «Օնիրա քլաբի» բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։ Ընկերությունում բաժնեմաս ունի նաև Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը»։

«Շանգրի լա»-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել