Պետական պարտքն արագ աճում է

Հայաստանի պետական պարտքը հուլիսին աճել է 221 մլն դոլարով և այժմ կազմում է 7 միլիարդ 939 մլն դոլար։ Պետական պարտքի վերաբերյալ տվյալները հրապարակվել են ֆինանսների նախարարության ամսական վիճակագրական տեղեկագրում։ 

Ըստ այդ տվյալների՝ պարտքի ներգրավման տեսանկյունից մարտ, ապրիլ, մայիս ամիսներն առավել ակտիվ են եղել։ Մասնավորապես, ապրիլին 117 մլն դոլարի պարտք է ներգրավվել, մայիսին՝ 310 մլն, հունիսին՝ 5 մլն, իսկ հուլիսին՝ 221 մլն։ 

2019-ի օգոստոսին կառավարությունը հաղորդել էր, որ արտաքին պետական պարտքը մեծ տեմպերով սկսել է նվազել։ Վերջին շրջանում, սակայն, կառավարությունը սկսել է նորանոր վարկային միջոցներ ներգրավել։

Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ 6 միլիարդ 55 մլն դոլարը արտաքին պարտք է, մնացածը՝ ներքին։  Ընդհանուր պետական պարտքի առյուծի բաժինը կառավարությանն է, իսկ մոտ 480 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։ 

Կարդացե՛ք նաև՝

Հայաստանը 260 մլրդ դրամով նախատեսում է ավելացնել պետական պարտքը. նախարար