Հրապարակվել է պարետի՝ սահմանափակումների և կանոնների վերաբերյալ նոր որոշումը

Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ․ այս մասին տեղեկացնում է պարետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նոր որոշման՝ վերաբացվելու են՝

  • Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
  • Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
  • Գրադարանները
  • Թանգարանները
  • Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝

  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
  • Գրադարանների և թանգարանների
  • Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
  • Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

Այսուհետ կթույլատրվի նաև դիմակի չկրումը հեռուստահաղորդավարներին, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, ինչպես նաև 
հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝ թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը։ Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։